Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետներն անցյալ շաբաթ հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման շուրջ 3 միլիոն դեպք:
Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում արձանագրվել են ախտահարման ավելի քան 962 հազար, Հարավարեւելյան Ասիայում՝ շուրջ 712 հազար, Եվրոպայում՝ ավելի քան 653 հազար նոր դեպքեր:
ԱՀԿ-ի՝ Ժնեւի գլխավոր գրասենյակը հուլիսի 14-ին հայտնել է, որ նախորդ յոթ օրվա համեմատ հիվանդացությունն ավելացել է 10 %-ով, մահացությունը՝ 3 %-ով: Մինչ այս՝ նախորդ երկուսուկես ամսվա ընթացքում, մահացությունը նվազման միտում ուներ:
Կորոնավիրուսը մեկ շաբաթվա մեջ աշխարհում խլել է ավելի քան 55 հազար, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում՝ շուրջ 23 հազար, Հարավարեւելյան Ասիայում՝ ավելի քան 14 հազար, Եվրոպայում՝ մոտ 7000 մարդու կյանք:
Հիվանդության նոր դեպքերի ընդհանուր թիվն անցյալ շաբաթ՝ հուլիսի 5-ից մինչեւ 11-ը, գրեթե 3 միլիոն է, ինչը նախորդ շաբաթվա համեմատ10 %-ով ավելի է:
Աշխարհում հուլիսի 5-ից մինչեւ 11-ը հայտնաբերվել է 2 996 465 վարակված, եւ արձանագրվել է 55830 մահ: Հուլիսի 11-ի դրությամբ ընդամենը եղել են ախտահարման 186 240 393 դեպք եւ մահվան 4027861 դեպք: Մահացությունն առանձնապես սաստիկ աճել է Աֆրիկայում (50 %) եւ Հարավարեւելյան Ասիայում (26 %):
ԱՀԿ-ի տեղեկագրով կորոնավիրուսի՝ բարձր վարակելիությամբ աչքի ընկնող «Դելտա» շտամը ներկայում տարածվել է 111 երկրում: