Ըստ իրանական Mehr գործակալության՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկրում եղած կարողությունները բավարար են ուրանը մինչեւ 90 տոկոս հարստացնելու համար:
Իրանի նախագահը հավելել է, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտի աշխատանքը դադարեցնելու Իրանի հակառակորդների երազանքը տեղի չունեցավ:
Ռոհանին ընդգծել է, որ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը կարող է ուրանը հարստացնել մինչեւ 20 տոկոս եւ 60 տոկոս: «Եվ եթե մի օր մեր ռեակտորի աշխատանքի համար պահանջվի մինչեւ 90 տոկոս հարստացված ուրան, մենք կարող ենք այն արտադրել»,- հավելել է նա:
Ռոհանին շեշտել է, որ Թեհրանը մտադիր չէ հրաժարվել նաեւ Արաքի ծանր ջրով ռեակտորից:
Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին ավելի վաղ հայտնել է, որ ԻԻՀ-ն 108 կիլոգրամ ուրան է հարստացրել մինչեւ 20 տոկոս, այսինքն՝ իրականացրել է 120 կիլոգրամ ուրանը մեկ տարվա ընթացքում համապատասխան մակարդակի հարստացման մասին Մեջլիսի հրահանգը նախորդ տարի ընդունված օրենքի շրջանակում, որը կառավարությանը պարտավորեցնում է ավելացնել ուրանի հարստացման տեմպերը:
Բացի դրանից՝ նախատեսվում է տարվա ընթացքում լրացուցիչ հազարական IR-2m ցենտրիֆուգներ շահագործման հանձնել Նաթանզի եւ Ֆորդոյի միջուկային օբյեկտներում:
Վիեննայում ապրիլից ընթացող Իրանի եւ միջազգային «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) ուղիղ բանակցությունները նպատակ ունեն սկզբնական տեսքով վերականգնելու իրանական միջուկային համաձայնագիրը՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացում, Իրանի կողմից միջուկային պարտավորությունների կատարում, ԱՄՆ-ի վերադարձ իրանական միջուկային գործարքին: