Մեկ տարի առաջ` հուլիսի 14-ին, Տավուշում հայ-ադրբեջանական ռազմական բախման ժամանակ ադրբեջանական անօդաչու թռչող սարքի հարվածներից զոհվեց չորս զինծառայող՝ կապիտան Սոս Էլբակյանը, մայոր Գարուշ Համբարձումյանը, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը եւ Գրիշա Մաթեւոսյանը: Նրանք բոլորն էլ հետմահու պարգեւատրվել են մարտական շքանշաններով:
Գրիշա Մաթեւոսյանը Սիսիանից էր: Մայրը՝ Արմինե Դավթյանը, ասում է՝ անօդաչու թռչող սարքերի գործածումը տավուշյան դեպքերի ժամանակ պատերազմական ուղերձ էր, որը ոչ ոք հաշվի չառավ, եւ արդեն տեսանք դրանց համատարած կիրառումը 44-օրյա պատերազմում: «44-օրյա պատերազմի ժամանակ ես բոլոր զոհերի ծնողների հետ տառապել եմ, վերապրել նրանց ցավը: Սիսիանի պանթեոնում վերջին պատերազմում զոհված մոտ 80 հոգի է հուղարկավորված, ուղիղ կեսը որդուս ընկերներն են: Իսկ տղայիս կողքին իր ամենամոտ ընկերն է հուղարկավորված՝ Տարոն Ֆիլիպոսյանը: Իմ վիշտը ինչպես մեկ տարի առաջ էր թարմ, այնպես էլ հիմա: Ես չեմ կարողանում համակերպվել որդուս կորստի հետ»:
Կրտսեր սերժանտ 20-ամյա Գրիշա Մաթեւոսյանի զորացրվելուն մեկ շաբաթ էր մնացել, երբ 2020 թվականի հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական շփման գծի Տավուշ-Թովուզ հատվածում սկսվեցին մարտական գործողությունները: Նա արդեն զենքը հանձնել էր, պատրաստվում էր զորացրվելուն։ Հարազատներն ասում են՝ Գրիշան խառնվածքով այնպիսին էր, որ չէր կարող չմասնակցել մարտերին եւ, հակառակ հրամանատարության արգելքներին, ամենաթեժ կետում է եղել:
«Հրամանատարն ասում էր՝ ձեր աչքերին չեմ կարողանում նայել, երեք անգամ հետ եմ քաշել, ինքն առաջ է գնացել: Անընդհատ հետ է պահել, վերջին անգամը այդ խառնաշփոթի մեջ չի նկատել: Ինքն առաջ գնացող տեսակ էր, բոլոր տեղերում միշտ ձգտում էր առաջինը լինելու՝ դպրոցում, համալսարանում, սպորտում… Հուլիսի 14-ի առավոտյան զանգեց տուն, խնդրեց շատ չզանգել, չանհանգստանալ: Ժամը մեկին է դեպքը եղել, հինգին մեզ արդեն հայտնեցին լուրը: Տղայիս մարմինը հանձնել են փակ դագաղով, նրան չեմ տեսել ու քանի որ չեմ տեսել, կարծում եմ՝ ինքը դեռ կա, ինձ թվում է՝ երազ էր այդ ամեն ինչը, չեմ կարողանում հավատալ, որ Գրիշան չկա»,- «Ալիք Մեդիա»-ին պատմում է մայրը:
Անօդաչու թռչող սարքերի հարվածներից զոհերի մարմիններն ու դեմքերն անճանաչելի էին, ընտանիքը նույնիսկ ԴՆԹ նմուշ է հանձնել. «ԴՆԹ», «ԱԹՍ» հապավումները, որ 44-օրյա պատերազմի ժամանակ սովորական դարձան բոլորի համար, տավուշյան գործողությունների զոհերի հարազատների խոսակցություններում արդեն մեկ տարի առաջ կային։ Մայրը կարծում է, որ թե՛ տավուշյան գործողությունները, թե՛ 44-օրյա պատերազմը հնարավոր էր կանխել, բայց փոխարենը դրդում էին:
Գրիշա Մաթեւոսյանը սակրավոր էր, ամենավտանգավոր տեղերում էր ծառայում: Մեհրաբի զորամասի սակրավորը շատ էր սիրում զինվորական ծառայությունը, զինվորական կյանքի հանդեպ հետաքրքրությունը դեռ դպրոցական տարիքից էր, ռազմագիտության (ՆԶՊ) հանրապետական օլիմպիադայում հաճախ էր Սյունիքի մարզը ներկայացնում:
«Իր տեղադրած կամ վնասազերծած ականների թիվը, ասում են, անհաշվելի էր: Ամենադժվար աշխատանքը կատարեց ու զոհվեց այդպես: Նկատել էին, որ ԱԹՍ-ն գալիս նկարում է, բայց չէին պատկերացնում, որ դրա հարվածից կզոհվեին: Երազում հաճախ եմ իրեն տեսնում, մի օր էլ ասաց՝ մա՛մ, իսկապես չէինք պատկերացնում, շատ մի՛ ասա՝ ինչու գնացիր: Արմինեն երազ է տեսել նաեւ 44-օրյա պատերազմից օրեր առաջ: Տղաս ասաց՝ մա՛մ, հերիք է ինձ մեծարեք, միայն ես չեմ: Ու սկսվեց պատերազմը»:
Ընտանիքն այսօր ապրում է Գրիշայի թողած բարի հուշերով: Ընդամենը մեկ տարի էր սովորել համալսարանում, հասցրել էր սիրվել: 44-օրյա պատերազմում Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանը 27 զոհ է տվել, համալսարանում նրանց հիշատակի անկյունն է բացվել, մարքեթինգի բաժնի ուսանող, տավուշյան մարտերի զոհ Գրիշա Մաթեւոսյանի լուսանկարը նույնպես կյանքով եւ երազներով լեցուն այդ տղաների շարքում է: Փոխադրվել էր երկրորդ կուրս, բայց չէր հասցրել սովորել, զորակոչվել էր: «Պատերազմը մեր բոլորիս երազները խորտակեց: Կյանքս կարծես իմաստազրկվել է: Փոքր որդուս մեջ եմ փորձում գտնել Գրիշային, թեև նրանք շատ տարբեր են: Դպրոցում աշակերտներիս հաջողություններով եմ ուրախանում»,- ասում է Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցչուհի Արմինե Դավթյանը:
Սիսիանում նրա որդու լուսանկարներն ամենուր են՝ դպրոցում, փողոցում, տարբեր կենտրոններում: Հայրը բակում աղբյուր է տեղադրել, իսկ մեկ այլ վայրում՝ Սիսիանի մուտքի մոտ, Գրիշայի հիշատակի վայրն է կառուցել. սիսիանցիները հաճախ են հավաքվում այդտեղ, առիթներ նշում, նորակոչիկներին այդտեղից են ճանապարհում, մատաղ են անում։
«Գրիշային ամբողջ Սիսիանը գիտեր, ամբողջ Սիսիանը ողբում էր։ Ծառայության ընթացքում ոչ մի անգամ չի տրտնջացել, ջոկի հրամանատար էր, ընկերների սիրելին: Հիմա դրանք միայն հուշեր են: Սիրած աղջիկ ուներ։ Զարմանում եմ, թե ինչքան շատ բան են անում իր համար ընկերները այստեղ՝ զորամասում: Տավուշում իր անունով դիրք են կոչել, խաչքար են դրել. այդ դիրքում ինքն է հիմնականում եղել, ինքն իր ձեռքով եկեղեցու նման մի բան էր կառուցել, երբ դիրքն անվանակոչեցին, հրավիրեցին, բայց ես ուժ չունեի գնալու. տղաս է գնացել, ասում էր՝ ամեն տեղ Գրիշի շունչն ենք զգացել»,- պատմում է մայրը:
Այսօր բոլորը միասին Սիսիանի քաղաքային պանթեոն են այցելել, կրկին հիշել մեկ տարի առաջ սկսված փոքր պատերազմը, որին հաջորդեց մեծ ողբերգությունը։ «Հայաստանում ամեն տեղ տխուր է, բայց Սիսիանում՝ առավեւլ եւս, այստեղից շատ զոհեր են եղել, բոլորի դեմքերին վիշտ ենք տեսնում»:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։