ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ըստ վարչապետի աշխատակազմի՝ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունը մեծապես կարեւորում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շարունակական զարգացումը քաղաքական, տնտեսական, անվտանգային, հումանիտար ոլորտներում: Նա նշել է, որ երկու երկրներն ունեն համագործակցության լայն օրակարգ, որի իրացման ուղղությամբ կառավարությունները տանում են եռանդուն աշխատանք:
Վարչապետի ժ/պ-ն կարեւորել է նաեւ հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը տարածաշրջանում ոչ կայուն իրավիճակը հաղթահարելու համատեքստում եւ ընդգծել ՌԴ առանցքային դերն անվտանգության ապահովման գործում:
Դեսպան Կոպիրկինը շեշտել է, որ Ռուսաստանի համար Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացումն ունի առաջնային նշանակություն, ինչի ապացույցն են երկու երկրների ղեկավարների, ինչպես նաեւ կառավարությունների ներկայացուցիչների ակտիվ երկխոսությունը, շփումներն ու փոխգործակցությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: