Հուլիսի 14-ի առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության՝ Մուղլա նահանգի Մարմարիսի շրջանի գրասենյակի վրա: Մարմարիսի շրջանի ոստիկանական ստորաբաժանումները ստացված ահազանգից հետո մեկնել են դեպքի վայր եւ բերման ենթարկել զինված հարձակումն իրականացրած 28-ամյա քաղաքացուն:
Ձերբակալված անձը 3 տարի առաջ եւս հարձակում էր գործել ԺԴԿ-ի գրասենյակի վրա եւ քրեական պատասխանատվության ենթարկվել «գույքին վնաս հասցնելու մեղադրանքով»:
Թուրքիայում ԺԴԿ-ի գրասենյակների վրա հարձակումները պարբերական բնույթ են ստացել: Հունիսի 17-ին Իզմիրում զինված հարձակում էր տեղի ունեցել կուսակցության գրասենյակներից մեկի վրա։ Հարձակման հետեւանքով սպանվել էր գրասենյակի աշխատակիցներից մեկը։