Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանությունը հայտնել է, որ Աբու Դաբին Հայաստանին ավելացրել է «Կանաչ ցանկում»: Հայաստանից Աբու Դաբի ժամանող ուղեւորներն այսուհետ կազատվեն պարտադիր մեկուսացումից եւ Աբու Դաբիի օդանավակայան ժամանելուն պես միայն ՊՇՌ թեստ կհանձնեն:
Հայաստան են ժամանել Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային փոխադրող «Էյր Արաբիա» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ, շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանին եւ ընկերության տնօրեն Ադել Աբդուլլահ Ալ Ալին:
Փոխշահավետ համագործակցության մեկնարկ
Մերձավոր Արեւելքի ու Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանների ամենախոշոր ավիափոխադրող AirArabia-ն եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ANIF) քիչ առաջ հայկական նոր ազգային ավիափոխադրող ստեղծելու համաձայնագիր են ստորագրել:
Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը նշել է, որ ազգային փոխադրողը լինելու է լոուքոստեր (չվերթի ժամանակ ավանդական ուղեւորական սպասարկման ծառայություններից հրաժարվելու դիմաց մատչելի ավիատոմսերով ավիաընկերություն), ինչը կարեւոր է Հայաստանի տնտեսական զարգացման համար։
ՀՀ նախագահի աշխատակազմից էլ հայտնել են, որ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Էյր Արաբիա»-ի տնօրենների խորհրդի նախագահ, շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանիին եւ ընկերության տնօրեն Ադել Աբդուլլահ Ալ Ալիին:
«Էյր Արաբիա»-ի տնօրենների խորհրդի նախագահը բարձր է գնահատել հայ-էմիրաթական միջպետական հարաբերությունները եւ դրանք զարգացնելու ուղղությամբ անձամբ նախագահ Սարգսյանի ջանքերը:
Ավիափոխադրումների, օդային հաղորդակցության ոլորտում հայ-էմիրաթական համագործակցության վերաբերյալ առաջին քննարկումները տեղի են ունեցել ԱՄԷ-ում՝ նախագահ Արմեն Սարգսյանի եւ Շարժայի կառավարիչ, շեյխ դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի հանդիպմանը։
Գործարար կապերի ամրապնդման ճանապարհով
Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանին վստահեցրել է, որ օդային նոր կամուրջը եւ հատկապես էմիրաթական ավիաընկերության մասնակցությամբ հայկական ազգային ավիափոխադրողի հիմնումը կդառնան Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ առեւտրատնտեսական եւ գործարար կապերի ամրապնդմանն ուղղված եւս մեկ հուսալի քայլ:
Հայկական նոր ազգային ավիափոխադրողի թռիչքները նախատեսվում է մեկնարկել հաջորդ տարվանից: Անկախ ավիաընկերությունը կբազավորվի Երեւանում` «Զվարթնոց» օդանավակայանում։