Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը հանդիպել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ Ֆրանսիան ուշադրությամբ հետեւում է տեղի ունեցող գործընթացներին, եւ ֆրանսիական կողմը շարունակելու է հետեւողական ջանքերը՝ ի նպաստ կայունության, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության եւ բանակցությունների վերականգնման:
Դեսպանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռեւս կարգավորված չէ, եւ այն հնարավոր կլինի միայն ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցումից հետո:
Ժոնաթան Լաքոթը ցավակցություն է հայտնել Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված կրակից հայ զինծառայողի մահվան կապակցությամբ եւ անթույլատրելի համարել նման գործողություններն ու հրադադարի ռեժիմի խախտումները:
Վարչապետի պաշտոնակատարը կարեւորել է տեղի ունեցող գործողություններին միջազգային հանրության կողմից համարժեք արձագանքը եւ անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը:
Ժոնաթան Լաքոթը շեշտել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք այցի կազմակերպման ուղղությամբ, ինչը կարող է մեծ ազդակ հաղորդել հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմանը:
Դեսպանը նշել է, որ ֆրանսիական կողմը շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, կրթության եւ այլ ոլորտներում: