Հռոմի Ֆրանցիսկոս պապը հաստ աղիքի շրջանում վիրահատության ենթարկվելուց 11 օր անց վերադարձել է Վատիկան, որտեղ շուրջ երկու շաբաթ հանգստի եւ վերականգնման փուլում կլինի:
Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Հռոմի պապը վիրահատության էր ենթարկվել հուլիսի 4-ին Հռոմի հիվանդանոցներից մեկում: Բժիշկները պապի առողջական վիճակը լավ են գնահատել:
Տուն վերադառնալուց հետո կաթոլիկ աշխարհի սրբազան քահանայապետը Թվիթերի իր էջում շնորհակալություն է հայտնել այս օրերին իր առողջության համար աղոթողներին:
Հռոմի հովվապետը նաեւ հորդորել է չմոռանալ բոլոր նրանց, ովքեր հիվանդ են եւ աղոթքի կարիք ունեն:
Սուրբ Աթոռի մամլո վարչությունն ավելի վաղ հայտնել էր, որ Պապը տառապում է «հաստ աղիքի սիմպտոմատիկ ստենոզից», որը պլանային վիրահատություն է ենթադրում:
2013 թվականին ընտրվելուց ի վեր սա 84-ամյա Ֆրանցիսկոս պապի առաջին հոսպիտալացումն էր: