Ամերիկյան Bloomberg գործակալությունը գրել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի հետ դիմակայությունում Արեւմուտքին աջակցելու փոխարեն նվաստացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին:
Միացյալ Նահանգները, ինչպես նաեւ մի շարք եվրոպական երկրներ մշտապես քննադատել են «Հյուսիսային հոսք-2» գազատարի գաղափարը՝ հայտարարելով, որ դա գազի կրիտիկական մատակարարման առումով ավելի կխորացնի Գերմանիայի եւ ԵՄ-ի կախվածությունը Ռուսաստանից:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ հորդորել է շարունակել նախագիծը։ Եվ դա ինչ-որ առումով հասկանալի է. շահագործումից հետո Բեռլինը ՌԴ Լենինգրադի մարզի Կինգիսեպսկի շրջանից տարեկան 100 միլիարդ խորանարդ մետր կապույտ վառելիք կստանա:
Bloomberg-ի հեղինակ Անդրեաս Քլութը Սպիտակ տան առաջնորդի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի դրսեւորում է անվանել այն, որ կանցլերը «մազ անգամ» չփորձեց զիջել եւ չընդառաջեց «Հյուսիսային հոսք-2»-ի մասին Վաշինգտոնի պահանջը:
«Համառորեն աջակցելով ռուսական գազամուղի կառուցման գաղափարին՝ Անգելա Մերկելը հուսախաբ արեց ԱՄՆ-ին եւ Եվրոպային՝ իր փոխանորդի համար թողնելով խնդրի լուծման առավել ծանր տարբերակներ»,- շեշտել է Քլութը:
Հեղինակը նշել է, որ ի դեմս ռուսական նախագծի՝ «աշխարհաքաղաքական սպառնալիք» են տեսնում Լեհաստանում, Մերձբալթյան երկրներում, Ֆրանսիայում եւ Եվրամիությունում:
«Ընդսմին գերմանացիները շարունակում են աշխարհաքաղաքական ջայլամների պես գլուխներն ավազի մեջ խոթել: Անհավատալի է, բայց Մերկելը նախագիծն անվանում է զուտ առեւտրային, որն ավելի ճիշտ կլինի հանձնել մասնավոր սեկտորին»,- ընդգծել է նա:
Քլութը պնդել է, որ համառորեն պաշտպանելով «Հյուսիսային հոսք-2» նախագիծը՝ կանցլերը սեփական վարկանիշի վրա բիծ թողնելու ռիսկի է դիմում, քանի որ դրանով նա վանում է Միացյալ Նահանգներին եւ իր եվրոպական գործընկերներին՝ ի ցույց դնելով «Գերմանիայի երեսպաշտությունը»:
Հետեւաբար, ըստ հրապարակախոսի, Բայդենի հետ հաջորդ հանդիպմանը Մերկելը գաղափարներ պիտի առաջարկի՝ ինչպես վարվել «իր իսկ ձեռքով սարքած աշխարհաքաղաքական խառնաշփոթի հետ»: