Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին:
Հուլիսի 13-14-ին Վաշինգտոն աշխատանքային այց կատարած Լը Դրիանը նշել է, որ ի թիվս միջազգային ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի քննարկվել է տեւական խաղաղության հաստատմանն ուղղված հնարավոր քայլերի ձեռնարկման հարցը:
«Ես խոսել եմ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ մեր համատեղ գործողությունների մասին հանուն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեւական խաղաղության հաստատման»,- ըստ «Արմենպրեսի»՝ ընդգծել է Ֆրանսիայի արտգործնախարարը:
Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության՝ նախարարը եւ պետքարտուղարը քննարկել են նաեւ Ուկրաինայի իրավիճակին, Ռուսաստանի հետ հարաբերություններին, Իրանի միջուկային ծրագրին եւ միջազգային հրատապ այլ զարգացումներին առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էնթոնի Բլինքենը եւ Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: