Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի տարելիցի առնչությամբ։
Ալիեւը շեշտել է, որ Ադրբեջանը առաջին երկրներից մեկն էր, որ դատապարտեց տեղի ունեցածը։
«Ինչպես Թուրքիան է բոլոր հարցերում Ադրբեջանի կողքին, այնպես էլ Ադրբեջանն է միշտ Թուրքիայի կողքին»,- ընդգծել է նա։
5 տարի առաջ՝ 2016-ի հուլիսի 15-ին, իշխանությունները ճնշել են Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը, որի ժամանակ սպանվել է 251, վիրավորվել՝ 2734 մարդ:
Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի համար առ այսօր մեղադրում են ամերիկաբնակ թուրք գրող, իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ՖԵՏՕ (Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող) շարժմանը:
Թուրքիայի ՆԳՆ-ն շարժման անդամներին բացահայտելու եւ ձերբակալելու նպատակով իրականացրել է 135 916 օպերատիվ գործողություն: Ձերբակալվել է ավելի քան 312 հազար կասկածյալ, 99 հազարը կալանավորվել է:
2021-ի մարտի 5-ին Անկարայի գլխավոր դատախազությունը կալանավորել է ՖԵՏՕ-ի՝ 2016-ի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ կասկածվող եւս 40 մարդու: Ձերբակալությունները կատարվել են Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարության կառույցներում ՖԵՏՕ-ի գործունեության հետաքննության շրջանակում: Կասկածյալների ցուցակում են 19 սպաներ, ինչպես նաեւ ռազմական ակադեմիայի նախկին կուրսանտներ: