Մարտակերտի Թալիշ գյուղը 30 տարի առաջ Արցախի խոշոր բնակավայրերից էր. 900 տնտեսություն եւ 4000 բնակիչ ուներ: Ֆեդյա Ապրեսյանը 8 տարեկան էր, երբ սկսվեց առաջին պատերազմը, ծնողների հետ լքեցին գյուղը, ապահով կյանքի ակնկալիքով Ռուսաստան մեկնեցին: 1994 թվականին, երբ հայկական կողմը մայիսյան զինադադարից շաբաթներ առաջ ազատագրեց Թալիշը, ընտանիքը վերադարձավ ծննդավայր՝ հրդեհված ու անճանաչելիորեն ավերված:
2016 թվականին Ֆեդյա Ապրեսյանն արդեն կնոջ ու երկու երեխաների հետ էր ստիպված լքում գյուղը: Ապրիլյան պատերազմի օրերին Թալիշը մեծ ավերածություններ էր կրել, ադրբեջանական հատուկ ջոկատայիններին հաջողվել էր ներթափանցել հայկական ուժերի թիկունք, գյուղի տները ռմբակոծության հետեւանքով ավերվել էին:
Արցախի կառավարությունն Ալաշան կոչվող թաղամասում թալիշցիներին ժամանակավոր կացարաններ էր տրամադրել: Ապրեսյանների ընտանիքն այնտեղ երեք տարի մնաց, մինչև որ Արցախի կառավարությունը շուրջ 5 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային խոշոր ծրագրով վերականգնում էր ավերված գյուղը, դպրոցն ու մանկապարտեզը:
Տասը նորակառույց առանձնատներից մեկը տրամադրել էին Ապրեսյանների 5 հոգանոց ընտանիքին: Ֆեդյային էլ առաջարկել էին կրկին աշխատանքի անցնել դպրոցում. նա դպրոցի ռազմագիտության ուսուցիչն էր, կինը՝ Ավանեսյան Բագյումը՝ բուժկետի վարիչը, մայրը՝ Ավանեսյան Գյուլին՝ մաթեմատիկայի ուսուցչուհին:
«Ամեն տան մեջ մոտ 2 մլն դրամի գույք կար: Գյուղի մեջ երկու նոր զորամաս էին կառուցել, պատերազմից երկու-երեք ամիս առաջ բացումն արեցին»,- պատմում է Ֆեդյա Ապրեսյանը:
Թե քանի անգամ են տուն փոխել, նորից սկսել ամեն ինչ, Ֆեդյան դժվարանում է հաշվել: Նոր տանն ընդամենը 11 ամիս են հասցրել ապրել:
«Սկզբում մտածում էինք՝ ապրիլյանի նման կարճ կտեւի, միջազգային հանրությունը կմիջամտի, կկանգնեցնի պատերազմը, 21-րդ դարն է ի վերջո, չեն թողնի արյունահեղություն լինի: Բայց գյուղերն օր օրի դատարկվում էին, դադարելու միտում չկար: Ընտանիքիս ճանապարհեցի Հայաստան, ես էլ Մատաղիսի զորամասի պահեստազորայիններին միացա: Երբ Մատաղիսը գրավեցին, դիրքավորվեցինք անտառներում: 40 օր այնտեղ մնացինք»,- պատերազմի օրերը վերհիշում է Ֆեդյան:
Նոյեմբերի 12-ի առավոտյան զենքերը հավաքում են, պահեստազորի ջոկատին ազատ արձակում, իսկ Ֆեդյան ուղեւորվում է Հայաստան՝ ընտանիքի մոտ: Բարեկամի տնից՝ հյուրանոց, հյուրանոցից էլ Արաբկիր համայնքում վարձած բնակարան են տեղափոխվում:
«2016-ին նույնպես ամեն ինչ թողել, փախել ենք: Արդեն կոփված ենք, արկերի տակից որ կարողացանք փրկվել, երեխաներիս ոչինչ չի պատահել, ընտանիքիս անդամները ողջ են, ամուսինս վերադարձել է, ուրեմն ամեն ինչ էլ կհաղթահարենք, սովոր ենք տնից տուն տեղափոխվելուն: Ժամանակն ամեն ինչ իր տեղն է գցում, մի կտոր հաց լինի՝ հերիք է, մարդիկ տարիներով վարձով են ապրում, մենք էլ կապրենք, եթե պետք լինի»,- ասում է Ֆեդյայի տիկինը՝ Բագյում Ավանեսյանն, ու կտրում խմորի հերթական գունդը:
Զինադադարից օրեր անց Բագյում Ավանեսյանը որոշում է աշխատանք փնտրել, հայտարարության հետքերով հասնում է Աբովյան փողոցի բացօթյա վաճառակետերից մեկը, որտեղ պատերազմի օրերին ժենգյալով հաց էին թխում ու վաճառում արցախցի կանայք: Փորձաշրջանը կարճ է տեւում, Բագյումը աշխատանքի է անցնում, օրավճարը 10000 դրամ էր:
«Օր էր լինում, երբ 4-5 հոգով 1000-1500 հատ ժենգյալով հաց էինք թխում: Տնից էլ կարողանում էինք գաթա, փախլավա, թերթերուկ տանել, կողքից վաճառում, գումար էի աշխատում»: Երեք ամսվա իր աշխատանքով Բագյումը զգալիորեն թեթեւացնում է ընտանիքի հոգսը:
Վաճառքի կետը քաղաքապետարանի հրամանով փետրվարին փակվում է: Անգործությունը բնորոշ չէր Բագյումին. ծաղկի սրահներից մինչեւ գեղեցկության սրահներ… Նա թակում էր բոլոր դռները, որտեղ հնարավոր էր ժենգյալով հաց իրացնել: Պահանջարկ, պարզվեց, կար:
«Մեկ-երկու, արդեն մեկը մյուսին լուր տվեցին, պատվերները շատացան, ֆեյսբուքյան էջ բացեցի՝ «Թալիշյան բուրմունք» անունով, այդպես կոչեցի, որ մեր գյուղը միշտ ապրի: Հետո արդեն «Թալիշյան բուրմունք»-ի համբավը տարածվեց, ժենգյալով հաց, փախլավայի, թերթերուկի պատվերները շատացան»,- ասում է Բագյումն ու շրջում ժենգյալով հացը: Բուրմունքը տարածվում է տնով մեկ. այսպես է ամեն օր, օրվա մեծ մասը Բագյումը գազօջախի դիմաց է անցկացնում, սկեսուրը օգնում է, ամուսինը՝ Ֆեդյան, առաքում է պատվերները: Ընտանեկան բիզնեսը գաղափարից ամիսների ընթացքում միս ու արյուն ստացավ, հիմա ողջ ընտանիքն է ներգրավված այս գործում:
«Արդեն մենք էլ ենք ճանաչում տարածքի մարդկանց, ունենք մեր մշտական պատվիրատուները, ընկերներ էլ ենք ձեռք բերել: Թեեւ բնակարանի վարձավճարը թանկ է, մի մասը փոխհատուցում է պետությունը, տեղափոխվել նշանակում է նորից սկսել ամեն ինչ, երեխաներն էլ հոգնել են դպրոց փոխելուց, եթե անկեղծ՝ բոլորս ենք հոգնել տեղափոխություններից»:
Պատվիրատուներին ոչ միայն տնային պայմաններում թխած խորտիկների թարմությունն է գրավում, այլ նաեւ դրանց մեծ չափերն ու մատչելի գինը. շուկայականից զգալիորեն տարբեր է, 500 դրամ արժե «Թալիշյան բուրմունք»-ի նրբահամ ժենգյալով հացը: Օրական մինչեւ 100 ժենգյալով հացի պատվերներ են գրանցում Երեւանի տարբեր հատվածներից:
Բագյումը գազօջախի վրայից վերցնում է հերթական հացն ու մեզ խորհուրդ տալիս արցախյան ուտեստը ճաշակել հատկապես գարնանն ու աշնանը, երբ բոլոր տասնյոթ տեսակի կանաչիներն աճում են դաշտերում, շուկայում էլ առատորեն վաճառվում է:
Սկեսուրը՝ տիկին Գյուլին, ասում է՝ կանաչեղենի համադրությունն է կարեւոր, մանրուքներ կան, որ պետք է պահպանել:
Բագյումը խորտիկի հերթական պատվերը խնամքով փաթեթավորում է, փակցնում «Թալիշյան բուրմունք»-ի պիտակն ու անցնում արցախյան ավանդական հաջորդ ուտեստի՝ թերթերուկի պատրաստմանը: Ժենգյալով հացի խմորից մի քանի գունդ էր պահել, թերթերուկի սիրահար է սկեսուրը. ժենգյալով հացից հետո յուղաբլիթը թխելը ավանդույթ էր թե՛ Թալիշում, թե՛ այստեղ՝ Երեւանում:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։