Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունները 2016-ին ԱՄՆ-ում անցկացված նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակն ապահովելու համար գործուն քայլեր են ձեռնարկել։
The Guardian-ը անցած գիշեր հրապարակել է 2016-ի հունվարի 22-ին Կրեմլում Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի գաղտնի արձանագրությունը։
Գաղտնազերծված փաստաթղթում մասնավորաբար նշված է, որ Մոսկվան պետք է անի հնարավոր ամեն ինչ Միացյալ Նահանգներում ներքին սոցիալական պայթյուն հրահրելու եւ դրանով երկրի ղեկավարի բանակցային դիրքերը թուլացնելու համար։
Բրիտանական պարբերականը գրել է, որ ռուսական կողմը նպատակահարմար է համարել նպաստել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակին։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հրապարակած տեղեկանքում, որի ռուսերեն բնօրինակը հայտնվել է բրիտանացի լրագրողների տարամադրության տակ, Դոնալդ Թրամփը բնութագրվում է որպես «թերարժեքության բարդույթով տառապող հոգեպես անհավասարակշիռ անձնավորություն»։
Տեղեկանքում նաեւ պնդում կա, որ ռուսաստանյան հատուկ ծառայությունների տրամադրության տակ են Թրամփին վարկաբեկող որոշ նյութեր, որոնք ձեռք են բերվել նրա՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցերի ընթացքում։