ԱՄՆ պետքարտուղարությունն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացին:
Հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի`ուժի չկիրառման կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա՝ ԱՄՆ-ը հավատարիմ է հակամարտության մշտական կարգավորմանը հասնելու հարցում կողմերին օգնելու հանձնառությանը:
ԱՄՆ պետքարտուղարությունը դրա մասին ասել է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանն ի պատասխան:
Քննարկել են համատեղ գործողությունները
Անդրադառնալով Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հանդիպման ժամանակ ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի քննարկմանը՝ պետքարտուղարությունը մատնանշել է ֆրանսիական կողմի տարածած տեղեկությունը:
Ըստ այդ տեղեկության՝ Վաշինգտոնում Ֆրանսիայի եւ ԱՄՆ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը կողմերը որպես Մինսկի խմբի համանախագահներ քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղությանը հասնելուն նպաստող համատեղ գործողությունները:
«Մենք խորապես մտահոգված ենք անցյալ աշնանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության վերսկսման ազդեցությամբ եւ հստակ գիտակցում ենք տարածաշրջանում առկա մարդասիրական կարիքների մասին»,- նշել է պետքարտուղարությունը:
Մանրամասները չի մեկնաբանել
«Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությունը նաեւ հարց է ուղղել օրերս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի տարածքներ Ադրբեջանում հավատարմագրված մի խումբ դեսպանների ու դիվանագետների այցի մասին՝ փորձելով ճշտել՝ արդյոք որեւէ համաձայնություն եղե՞լ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջեւ հրավերը մերժելու հարցում: ԱՄՆ պետքարտուղարությունը նշել է, որ չի մեկնաբանում դեսպանի ժամանակացույցի հետ կապված մանրամասները:
«Մենք հասկանում ենք, որ Բաքվում կան բազմաթիվ դիվանագիտական առաքելություններ, որոնք ի վիճակի չեն եղել մասնակցելու Ֆիզուլի եւ Շուշի ուրբաթօրյա այցելությանը: Մենք չենք մեկնաբանում Ֆրանսիայի կամ Ռուսաստանի դեսպանների ժամանակացույցի վերաբերյալ մանրամասները: Կխնդրենք դիմել Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դեսպանություններ` իրենց դեսպանների վերաբերյալ մանրամասների համար»,- հավելել են Պետդեպում: