Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Թվիթերը թափանցիկության 2020-ի զեկույցում նշել է, որ աշխարհի տարբեր երկրների կառավարությունների կողմից նախորդ տարվա ընթացքում զգալիորեն ավելացել է Թվիթերին ներկայացված՝ լրագրողների կամ լրատվամիջոցների կողմից հրապարակված գրառումները հեռացնելու պահանջով դիմումների թիվը:
Թվիթերի՝ տարեկան երկու անգամ հրապարակվող զեկույցում այս անգամ ընդգրկվել են 2020-ի հուլիս-դեկտեմբերի տվյալները։ Ըստ այդմ՝ տարբեր երկրների կառավարություններ 361 դիմում են ներկայացրել ամբողջ աշխարհի 199 լրագրողների պաշտոնապես հաստատված էջերի հրապարակումների հեռացման պահանջով։ Այդ ցուցանիշը նույն տարվա հունվար-հունիս ժամանակահատվածն ընդգրկող նախորդ զեկույցի համեմատ աճել է 26 %-ով։
Ըստ սոցիալական հարթակի զեկույցի՝ նախորդ տարի լրագրողների հրապարակումների եւ լուրերի հեռացման ամենաշատ պահանջները ներկայացրել են Հնդկաստանը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Պակիստանը։
Ամենից շատ պահանջներ ներկայացրել է Հնդկաստանը. դրանք հիմնականում ուղղված են եղել ԱՄՆ-ը ներկայացնող անձանց հրապարակումների դեմ։ Այդ պահանջներից Թվիթերը կատարել է միայն 5-ը։
Թուրքիան իր հերթին, բացի լրատվական դաշտին վերաբերող պահանջներից, նշված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ ներկայացրել է հրապարակումներ ջնջելու 49525 պահանջ։ Դրանցից 7070-ը հիմնված է եղել դատական վճիռների, 42455-ը՝ այլ իրավական ակտերի վրա։