Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը մարզիկներին զգուշացրել է պարգեւատրման արարողության ընթացքում օլիմպիական բարձրահարթակին քաղաքական դեմարշների անթույլատրելիության մասին:
«Պատվանդանն ու պարգեւատրման արարողությունը ստեղծված են ոչ թե քաղաքական ցույցերի համար, այլ որպեսզի մեծարենք մարզական հաջողությամբ մեդալներ նվաճած մարզիկներին, որոնք դրանք ստանում են ոչ թե իրենց հայացքների, այլ մարզական պատրաստվածության համար»,- Financial Times-ին տված հարցազրույցում ընդգծել է ՄՕԿ-ի ղեկավարը:
Թոմաս Բախը շեշտել է, որ Օլիմպիական խաղերը պետք է ոչ թե բաժանեն, այլ միավորեն ժողովուրդներին ու երկրները:
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով Տոկիոյի Օլիմպիական խաղերի պարգեւատրության արարողակարգը փոխվել է:
ՄՕԿ-ի որոշմամբ՝ օլիմպիադայում մեդալները կդրվեն սկուտեղի վրա, եւ մարզիկներն իրենք կվերցնեն եւ կկախեն իրենց վզից:
Սկուտեղի վրա մեդալը կդրվի միայն ախտահանված ձեռնոցով. մարզիկը պետք է վստահ լինի, որ նախկինում մրցանակներին ոչ ոք ձեռք չի տվել:
Պարգեւատրման արարողության ժամանակ կարգելվեն ձեռքսեղմումն ու գրկախառնումը:
Նախկինում մեդալները շնորհում էին ՄՕԿ-ի անդամները կամ սպորտի բարձրաստիճան պաշտոնյաները: