Ըստ հունական «Քաթիմերինի» թերթի՝ այսօր թուրքական պարեկային նավերից մեկը խոչընդոտել է Կիպրոսի սահմանապահ ծառայության նավի բնականոն հերթապահությունը՝ ստիպելով լքել Մորֆուի ծովածոցը եւ հեռանալ կղզու հունական հատվածում գտնվող Կատո Պիրգոս նավահանգստի ուղղությամբ։ Հունական աղբյուրների փոխանցմամբ՝ միջադեպի ընթացքում թուրքական նավից նաեւ նախազգուշական կրակոցներ են արձակել։
Կիպրոսի CNA լրատվական գործակալությունը հայտնել է, որ Միջերկրական ծովում թուրքական նավը կրակ է բացել Կիպրոսի հյուսիսարեւմտյան հատվածի առափնյա պահպանության նավի ուղղությամբ, երբ Կիպրոսի ծովային ոստիկանության եւ առափնյա պահպանության անձնակազմի երեք անդամներով փոքր նավը հերթական պարեկությունն է իրականացրել Թուրքիայից անօրինական ներգաղթի հնարավոր դեպքերը կանխելու նպատակով։
Թուրքական նավը եղել է Կիպրոսի հարակից նավահանգստից 11 ծովային մղոն հեռավորության վրա եւ նկատվելուց հետո սկսել է հետապնդել կիպրոսյան նավին` գրեթե հասնելով Կիպրոսի ձկնորսական նավահանգստի մատույցներին։ Գործակալության տվյալներով` թուրքական նավը նախազգուշական չորս կրակոց է արձակել:
Կիպրոսի պաշտպանության նախարարության խոսնակ Խրիստոս Պիերիսը տեղի ունեցածը բարդ միջադեպ է բնորոշել: Նա նշել է, որ գործը քննվում է, ազգային գվարդիայի օպերատիվ կենտրոնն էլ տեղեկություններ է հավաքում իրավասու նախարարության կողմից գործողություններ ձեռնարկելու համար:
Կիպրոսի ԱԳՆ-ն միջադեպի մասին կտեղեկացնի Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին` UNFICYP- ին: