Աֆղանստանի հարավում կառավարական զորքերի եւ «Թալիբան» շարժման զինյալների միջեւ ծավալված մարտական գործողությունների լուսաբանման ընթացքում զոհվել է բրիտանական Reuters գործակալության ֆոտոլրագրող Դանիշ Սիդդիքին։
Դեպքը տեղի է ունեցել Պակիստանի հետ սահմանին գործող խոշորագույն մեծածախ «Սպին Բոլաք» շուկայի համար մղվող մարտերի ընթացքում: Զոհվել է նաեւ կառավարական զորքերի բարձրաստիճան սպաներից մեկը։
Սիդդիքին Reuters գործակալության հետ սկսել է համագործակցել 2010-ին։ 2018-ին գործակալության մյուս լուսանկարիչների հետ նա արժանացել էր Փուլիցերյան մրցանակի՝ ռոհինջա (Մյանմայի էթնիկ իսլամադավան ժողովուրդը) փախստականների շուրջ ծագած ճգնաժամը լուսաբանելու համար։
Փաստական տվյալներ
2016-2017-ին Մյանմայի զինված ուժերը եւ ոստիկանությունը երկրի արեւմտյան շրջանում սաստկացրել են հալածանքները իսլամադավան ռոհինջա էթնիկ խմբի նկատմամբ: Մյանմայի իշխանությունների եւ ռոհինջաների միջեւ ռազմական հակամարտությունը չի մարում։ Ռաքհայն արեւմտյան նահանգի տարածքում բռնության ծավալման պատճառով հարեւան Բանգլադեշ են փախել հարյուր հազարավոր ռոհինջաներ:
Պաշտոնական Նայպյիդոն ռոհինջա ազգության մահմեդական ներկայացուցիչներին չի ճանաչում իր քաղաքացիներ՝ նրանց համարելով բենգալացիներ, որոնք անօրինականորեն ներթափանցել են հանրապետության տարածք, թեեւ նրանցից շատերը սերունդներով Ռաքհայն նահանգում են ապրում:
Ռոհինջա ժողովրդի առաջնորդ եւ Մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունը 2018-ին Հայաստանում «Ավրորա» մրցանակ է ստացել տասնամյակներ շարունակ քաղաքացիությունից զրկված ռոհինջա ժողովրդի՝ Մյանմայի կառավարության կողմից հետապնդվող հարյուր հազարավոր մահմեդական փախստականների եւ կրթությունից զրկված երեխաների հիմնարար իրավունքների համար մղած պայքարի համար։