Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը երկօրյա այցով ժամանել է Հայաստան: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:
Այցի շրջանակում Շառլ Միշելը կհանդիպի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումից հետո նրանք ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցություններն ամփոփող հայտարարություններով:
Եվրոպական խորհրդի նախագահը կհանդիպի նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ Շառլ Միշելը հուլիսի 19-ին կժամանի Վրաստան՝ մասնակցելու Բաթումի միջազգային համաժողովին:
Շառլ Միշելը կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի եւ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Անհատական հանդիպումներից հետո Միշելը ելույթ կունենա Բաթումի միջազգային համաժողովում:
Հուլիսի 19-ին համաժողովին մասնակցելու նպատակով Վրաստան կժամանեն նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն:
Շառլ Միշելը համատեղ հանդիպում կանցկացնի Զուրաբիշվիլիի, Զելենսկու եւ Սանդուի հետ, որը կավարտվի համատեղ մամուլի ասուլիսով: