Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցներն այսօր խուզարկություններ են իրականացրել հուլիսի 5-ին Թբիլիսիում անցկացված ազգայնական բողոքի ակցիաների կազմակերպիչների բնակարաններում։
Խուզարկվել են Tbilisi Pride շքերթի անցկացման դեմ կազմակերպված ցույցի գլխավոր նախաձեռնողներ «Այլընտրանքային Վրաստան» շարժման ղեկավար Կոնստանտին Մարգոշիայի, «Բարոյականություն» հասարակական կազմակերպության հիմնադիր Գուրամ Փալավանդաշվիլիի եւ «Ալտ-ինֆո» հեռուստաընկերության ղեկավար Զուրաբ Մախարաձեի բնակարանները։
«Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ակտիվիստներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնատան մոտ: Ըստ «Սպուտնիկ Վրաստան»-ի՝ նրանք պահանջել են վարչապետի հրաժարականը:
Ակցիայի մասնակիցները Ղարիբաշվիլիին են համարում հուլիսի 5-ի իրադարձությունների պատասխանատու: Նրանք պնդում են, որ Ղարիբաշվիլին Վրաստանի մայրաքաղաքում անկարգությունների ժամանակ մարդու իրավունքներն ու լրագրողների իրավունքները պաշտպանելու փոխարեն, ընդհակառակը, խրախուսել է լրագրողներին ծեծողներին: