«Հայաստանում վարկային համակարգը պարզապես աբսուրդ է. նոր ձեւավորվող բիզնեսները չեն վարկավորում»,- ասում է Լեւոն Ստեփանյանը: Նա MYbookstore գրախանութի հիմնադիր-տնօրենն է, արդեն հինգուկես տարի է, ինչ զբաղվում է այս գործով: Մի քանի անգամ փորձել է վարկ վերցնել, որ ընդլայնի գործունեությունը, բայց գործընթացը շատ բարդ է եղել:
«Հարկային համակարգում վերահսկողությունը համեմատաբար թույլ է: Երեւի գիտակցում են, որ նոր սկսվող ու հատկապես օնլայն բիզնեսների համար բարդ է միանգամից հարկային դաշտում գրանցվելը, դրա համար էլ թեեւ հարկային օրենսդրությունը թերի է, շատ խիստ չեն»,- ասում է Լեւոնը:
Խոշոր գրախանութները Լեւոնի բիզնեսին չեն խանգարում, ընդհակառակը, նրանք համագործակցում են ու չեն փորձում միմյանցից հաճախորդ խլել: Կան նոր ստեղծվող փոքր առցանց գրախանութներ, որոնք սկզբում գրքերի գներն ավելի էժան են դնում, որ գնորդներին գրավեն, բայց հետո, երբ գրասենյակ են բացում, աշխատողներ են վարձում, հարկեր են վճարում, ստիպված գրքերն էլ թանկացնում են:
Որպեսզի հասկանանք, թե որ տեսակի բիզնեսների մեջ է մտնում Լեւոնի գործը՝ խոշոր, միջին թե փոքր, ու, առհասարակ, որոնք են դրանց սահմանները, զրուցեցինք տնտեսական մրցակցության հարցերով մասնագետ, Հայ-ռուսական համալսարանի լրատվության ամբիոնի դասախոս Կարինե Փոլադյանի հետ:
«Բիզնեսի այս տեսակների միջեւ սահմանը շատ հստակ է, այն սահմանված է օրենքով: Ունենք գերփոքր, փոքր, միջին ու խոշոր բիզնեսներ: Դրանք տարբերակվում են երկու չափանիշով՝ աշխատողների թվաքանակ, տարեկան հասույթ կամ ակտիվների հաշվեկշռային արժեք: Գերփոքր բիզնեսները առեւտրային կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն են, որոնք ունեն մինչեւ 10 աշխատող, իսկ նախորդ տարվա գործունեությունից հասույթը չի գերազանցում 100 միլիոն դրամը: Փոքր բիզնեսներն ունեն մինչեւ 50 աշխատող, իսկ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 500 միլիոն դրամը: Միջին բիզնեսն ունի մինչեւ 250 աշխատող, իսկ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 1 միլիարդ դրամը»,- ասում է տիկին Փոլադյանը:
Որքան զարգացած լինեն ՓՄՁ-ները՝ փոքր ու միջին բիզնեսները, այնքան զարգացած կլինի տնտեսությունը: Գործոններից մեկն այն է, որ դրանք զբաղվածություն են ապահովում (շուրջ 266 հազար մարդու զբաղվածություն ապահովում են ՓՄՁ սուբյեկտները): Զբաղվածությունը լինում է կա՛մ պետական կառավարման համակարգում, ոչ պետական կազմակերպություններում, կա՛մ մասնավոր հատվածում: Պետական-մասնավոր համագործակցությունը կխթանի ՓՄՁ զարգացումը, սակայն պետությունը չպետք է կայացնի միանձնյա որոշումներ, այլ պետք է անցկացնի քննարկումներ գործատերերի, հատկապես ՓՄՁ-ների ներկայացուցիչների հետ՝ ոլորտի զարգացմանն ուղղված լավագույն լուծումները գտնելու համար:
Ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալների (2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ)՝ Հայաստանում ՓՄՁ տնտեսվարողների մեծ մասը զբաղված է մանրամեծածախ առեւտրով, ինչը նշանակում է, որ մեկ ինքնազբաղված մարդը կարող է տնտեսական գործունեություն իրականացնել, նպաստել տնտեսության զարգացմանը:
Զարգացած երկրներում ՓՄՁ-ները ՀՆԱ-ի՝ համախառն ներքին արդյունքի զգալի մասն են կազմում՝ ավելի քան 90%-ը: Հայաստանում այս թիվն առանձին վերցրած ոլորտներում այնքան էլ մեծ չէ: Համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության հրապարակած տվյալների՝ 2018 թվականին գերփոքր, փոքր եւ միջին կազմակերպությունների կողմից ստեղծված ավելացված արժեքի կշիռը ՀՀ տնտեսության ՀՆԱ-ում կազմել է 23.6 տոկոս։
Պետություն-գործարար կապը կարեւոր է նաեւ գործարարների՝ իրենց իմացությունը լրացնելու համար. հարկային դաշտը, օրինակ, զարգացման մեջ է, կարող են փոփոխությոններ լինել, ու գործարարները պիտի տեղյակ լինեն այդ ամենից:
«Միջազգային հետաքրքիր պրակտիկա կա՝ կապված այն բանի հետ, թե ինչպես է պետությունն աջակցում բիզնեսներին: Հաճախ այնպես է լինում, որ ՓՄՁ սուբյեկտները թերանում են, օրինակ՝ գազի կամ լույսի վճարումները կատարելիս: Մեզ մոտ մոտեցումները խիստ են, դրանք ուղղակի անջատում են: Զարգացած երկրներում, երբ փոքր կամ միջին բիզնեսը նման խնդիրների պատճառով կանգնում է սնանկացման վտանգի առաջ, վերահսկող մարմիններն առաջարկում են համատեղ լուծումներ, օրինակ՝ ժամանակացույց կազմել, որով մինչեւ տարվա վերջ ՓՄՁ-ն կվերացնի թերացումները (եթե դրանք անվտանգության խնդիրներին չեն առնչվում) կամ կկատարի իր վճարումներն ու պարտավորությունները: Եթե կրկին չի կարողանում, նրան հնարավորություն է տրվում ժամկետը երկարաձգելու, որն արդեն վերջնական է: Սա ցույց է տալիս, որ պետությունը ոչ միայն պետք է կատարի հարկ հավաքողի գործառույթը, այլեւ շեշտը պետք է դնի ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված ընդհանուր գործարար մտածելակերպի ձեւավորման վրա»,- ասում է Կարինե Փոլադյանը:
Խնդիրներից մեկը, որին մանրամեծածախ առեւտրով զբաղվող ՓՄՁ-ները բախվում են, այն է, որ մանրածախ առեւտուրը կենտրոնանում է սուպերմարկետների ցանցերում, որոնք մրցակցությունից դուրս են թողնում փոքր առեւտրային կետերին: Մարդկանց ավելի հարմար է իրենց գնումները մեկ վայրից կատարել, այսինքն՝ խոշոր խանութներից, փոքրերն էլ մրցակցությանը չեն դիմանում ու փակվում են:
Աշխարհի տարբեր երկրներ այս հարցին տարբեր մոտեցումներ ունեն. որոշ երկրներում օրենսդրական սահմանափակումների միջոցով միջամտում են բիզնես գործունեությանը, օրինակ՝ սահմանում են տեղակայման չափորոշիչներ (որոշակի շառավղով հաջորդ սուպերմարկետը չի կարող գործել) առեւտրային որոշակի մակերես ունեցող օբյեկտների նկատմամբ։ Այլ երկրներում սուպերմարկետները տեղակայված են հիմնականում արվարձաններում, որպեսզի բնակչությունը գնումներ կատարի նաեւ բնակության վայրի փոքր առեւտրային կետերից: Որոշ երկրներում ժամային սահմանափակումներ են գործում, այսինքն՝ խոշոր առեւտրային կետերը բաց են մինչեւ որոշակի ժամանակ, իսկ դրանից հետո փոքր խանութներին է ավելի շատ վաճառքի հնարավորություն տրվում: Այս լուծումները բացարձակ չեն ու առավելություններից բացի թերություններ էլ կարող են ունենալ։
Հայաստանում ՓՄՁ-ների զարգացման մեկ այլ նախադրյալ է մատչելի վարկերի ապահովումը: «Միջազգային վարկավորման ծրագրեր են գործում, ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնն էլ է աջակցման ծրագրեր իրականացնում՝ տեղական ու միջազգային կազմակերպությունների օգնությամբ: Վերջերս Եվրոպական միությունը հրապարակել էր փաստեր եւ թվեր Հայաստանի հետ հարաբերությունների մասին, որում նշվում էր 450 միլիոն եվրո վարկերի եւ լրացուցիչ ֆինանսական օգնության ներգրավման մասին՝ 10 տարվա կտրվածքով: Արդյունքում շուրջ 25000 ՓՄՁ-ներ են օգտվել այդ միջոցներից»,- ասում է Կարինե Փոլադյանը:
Բանկերից վարկեր ստանալու համար խնդիրն այն է, որ որպեսզի վարկեր տրամադրեն նոր ձեւավորվող փոքր բիզնեսներին, բանկերը երաշխիքներ պետք է ունենան: Այսինքն՝ խնդիրը երկկողմ է. մի կողմից՝ նոր կազմավորվող ՓՄՁ-ներին, նոր բիզնես գործունեություն սկսելու գաղափար ունեցողներին ցածր տոկոսադրույքով վարկեր են պետք, մյուս կողմից՝ բանկի համար դա ռիսկային է: Որոշակի գործունեություն իրականացրած լինելու դեպքում բանկի համար ավելի հեշտ է այդ ռիսկերը գնահատել:
Փորձագետների առաջարկած լուծումներից մեկն այն է, որ բանկերը բիզնեսի հետ համատեղ մասնակից լինեն այդ գործունեությանը: «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) աջակցում է բանկերին կամ ընկերություններին, այդ թվում նաեւ սնանկացման եզրին գտնվողներին՝ ունենալով մասնակցություն բանկի կանոնադրական կապիտալում, կամ ուղղակի դառնում է ներդրող, մասնակցում կառավարմանը, իսկ երբ բիզնեսը կայունանում է, ինքը՝ որպես բանկ, ֆինանսական ոլորտի կառույց, դուրս է գալիս այդ բիզնես գործունեությունից: Ֆինանսական ոլորտի մյուս մասնակիցներն էլ այսպիսի մոտեցում պիտի ունենան: Եթե բանկը, իր շահերից ելնելով, բարձր տոկոսադրույքով վարկ տա, փոքր բիզնեսն այն վերցնել չի կարողանա ու չի զարգանա»,- եզրափակում է փորձագետը: