ԱՄՆ 24 նահանգներում արդեն չեն պահանջում ԱՄՆ-ում բնակության իրավունքի փաստաթղթեր: ԱՄՆ մի շարք քաղաքներ, օրինակ՝ Նյու Յորքը, պատվաստումներ են առաջարկում նաեւ ոչ ամերիկացիներին՝ դրանով իսկ փորձելով զարկ տալ զբոսաշրջությանը:
Բազմաթիվ երկրների զբոսաշրջային ընկերություններն առաջարկում են դեպի ԱՄՆ օդային ճամփորդությունն ու հյուրանոցների ամրագրումն ընդգրկող փաթեթներ, որոնցում ներառված է նաեւ հերթագրում պատվաստումների համար: Ամենաէժանը չորսօրյա ճամփորդությունն է դեպի Հավայան կղզիներ, որի համար հարկավոր է վճարել 550 դոլար: Կա նաեւ ամբողջ ԱՄՆ-ով ճամփորդելու առաջարկ՝ 3600 դոլար արժողությամբ 52 օրվա ճամփորդության փաթեթ։
Ըստ Ա1+-ի՝ ԱՄՆ պատվաստումային զբոսաշրջությունից սիրով օգտվում են, օրինակ, Ինդոնեզիայի բնակիչները։ Բազմաթիվ ինդոնեզացիներ շտապում են ԱՄՆ՝ պատվաստվելու, քանի որ Ինդոնեզիայում արդեն մոլեգնում է կորոնավիրուսի Դելտա շտամը։ Նրանցից շատերը գոհունակությամբ նշել են, որ ամեն ինչ, ճամփորդությունից սկսած մինչեւ պատվաստման պահը, իրենց պատկերացրածից էլ հարթ ու դյուրին է անցել:
Առավել անվճարունակ երկրների համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շարունակում է իրականացնել COVAX ծրագիրը, որի շրջանակում արդեն աղքատ ու միջին եկամուտ ունեցող 135 երկիր է առաքել 105 միլիոն չափաքանակ պատվաստանյութ: Աղքատության դեմ պայքարող միջազգային կազմակերպությունները նշել են, որ այնուհանդերձ, աղքատ երկրներին մինչեւ այժմ բաժին է հասել քովիդի դեմ պատվաստանյութերի միայն մեկ տոկոսը: Այս կազմակերպությունները հարուստներին կրկին հորդորում են արագացնել ամբողջ աշխարհում պատվաստանյութերի բաշխման գործընթացը: