Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բաքվում հայտարարել է, որ Եվրամիությունը փորձագիտական մակարդակով կարող է օգնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանազատման հարցում:
«Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությունը, կայունությունն ու բարգավաճումը համընկնում են Եվրամիության շահերին եւ մեր Արեւելյան գործընկերության անքակտելի մասն են կազմում»,- թվիթերյան գրառման մեջ ընդգծել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան։
Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է դրա համար Եվրոպայի կողմից փորձագիտական օգնություն ցուցաբերելու, անհրաժեշտության ու ցանկության դեպքում էլ՝ եվրոպական մշտադիտարկում անցկացնելու:
Գաղափարներ՝ խաղաղության գործընթացի համար
Եվրախորհրդի նախագահն ընդգծել է, որ Եվրամիությունը պատրաստ է դրական դերակատարություն ունենալու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղություն հաստատելու համար:
«Մենք պետք է մտածենք, թե ինչ է պետք անել խաղաղության եւ առաջընթացի հասնելու համար, ինչ տարրեր է անհրաժեշտ հաշվի առնել տարածաշրջանում կայունություն եւ անվտանգություն ապահովելու համար։ Ես հնարավորություն ունեցա այդ հարցը քննարկելու Ադրբեջանի նախագահի հետ»,- ըստ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի՝ ասել է Եվրախորհրդի նախագահը:
Ընդգծելով, որ Եվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ-ի միջնորդական առաքելությանը՝ Շառլ Միշելը միաժամանակ նշել է, որ աջակցելով հանդերձ ԵԱՀԿ-ի միջնորդական առաքելությանը՝ Եվրամիությունը ցանկանում է փոխանցել իր փորձը, աջակցություն ցուցաբերել անվտանգության եւ կայունության ձեռքբերմանը եւ, որ ավելի կարեւոր է, տարածաշրջանի խաղաղությանը, առաջարկել որոշ գաղափարներ խաղաղության գործընթացի փոխադարձ առաջընթացի համար։
ԵՄ-ն շատ կարեւոր դեր է խաղում եւ կխաղա
Եվրախորհրդի նախագահի հետ համատեղ ասուլիսում Իլհամ Ալիեւը պնդել է, թե Ադրբեջանը կատարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը, ըստ որոնց՝ պահանջվում էր հայկական զորքերի ամբողջական եւ անվերապահ դուրսբերում «մեր տարածքներից» եւ պատերազմի դադարեցում: «Հետեւաբար մենք կարծում ենք, որ այժմ ժամանակն է մտածել խաղաղության մասին եւ շրջել էջը: Մենք պատրաստ ենք դրան»,- ասել է Ալիեւը:
Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ բարի կամք եւ շատ պրագմատիկ մոտեցում ցուցաբերելով՝ համեմատաբար կարճ ժամանակում հնարավոր է լուծել դեռ քննարկվող հարցերի մեծ մասը եւ հիմք դնել տարածաշրջանային լայն համագործակցության:
Ալիեւը նշել է, որ այդ առումով Եվրամիությունը շատ կարեւոր դեր է խաղում ու ըստ նրա՝ կխաղա: