Ըստ աֆղանական Ariana News հեռուստաալիքի՝ Քաբուլում ԱՄՆ եւ մի շարք այլ արեւմտյան երկրների դեսպանությունները «Թալիբան» շարժմանը կոչ են արել անհապաղ դադարեցնելու իր մարտական ջոկատների հարձակումը, որը խոչընդոտում է հակամարտության քաղաքական լուծման հասնելու ջանքերը, տառապանք պատճառում եւ փախստականներ դարձնում խաղաղ բնակիչներին:
Համատեղ հայտարարությանը մասնակցել են Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Եվրամիության, Իսպանիայի, Իտալիայի, Կանադայի դիվանագիտական ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը, Նիդերլանդների, Կորեայի Հանրապետության, ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Շվեդիայի, Ճապոնիայի՝ Աֆղանստանում հավատարմագրված ներկայացուցչությունները։
Դիվանագիտական ներկայացուցչությունները դատապարտել են Աֆղանստանում մարդկանց շարունակվող կանխամտածված սպանությունը, կենսականորեն կարեւոր ենթակառուցվածքի ավերումը, ինչպես նաեւ սպառնալիքները, հայտարարությունները «եւ այլ քայլեր, որոնք նպատակամղված են վերջին 20 տարում աֆղանների նվաճումների դեմ, որոնք մենք վճռականորեն պաշտպանել ենք»:
Դիվանագետները շեշտել են որ, «Թալիբանի» հարձակումն ուղղակիորեն հակասում է հակամարտության խաղաղ լուծման պաշտպանության նրա պնդումներին եւ Դոհայի հաշտության գործընթացին։ Այն հանգեցրել է խաղաղ աֆղանների կանխամտածված սպանությունների, խաղաղ բնակիչների տեղահանման, կողոպուտների եւ կացարանների հրկիզման, կենսականորեն կարեւոր ենթակառուցվածքի ավերման եւ հաղորդակցուղիների ցանցի վնասման։
Հաշտության բանակցություններ
Նախօրեին Քաթարում՝ Դոհայում, ավարտվել է Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան» շարժման ներկայացուցիչների երկօրյա հանդիպումը: Բանակցությունների կողմերը հաշտության բանակցությունները շարունակելու մտադրության մասին հայտարարություն են ընդունել:
Աֆղանստանի կառավարության պատվիրակությունը, որում ընդգրկվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաեւ կանայք ու կրոնական գործիչներ, գլխավորել է Ազգային հաշտեցման բարձր խորհրդի նախագահ Աբդուլա Աբդուլան, իսկ թալիբների պատվիրակությունը՝ «Թալիբան» շարժման առաջնորդ մոլլա Աբդուլ Ղանի Բարադարը։
Բանակցությունների մեկնարկին թալիբների առաջնորդն ասել է, թե առաջընթաց չի ակնկալում, եւ հայտարարել է, որ Աֆղանստանը պետք է ունենա ուժեղ, կենտրոնացված եւ անկախ իսլամական համակարգ։
Աֆղանստանից ԱՄՆ-ի եւ դաշնակիցների զորքերի դուրսբերմանը զուգահեռ թալիբներն իրենց վերահսկողության տակ են վերցրել երկրի մոտավորապես մեկ քառորդը։
Կառավարության ներկայացուցիչ Նադեր Նադերին հայտարարել է, որ այս պահին կենտրոնական իշխանությանը ենթարկվում է երկրի 325 գավառներից 190-ը։
Պաշտոնական Քաբուլը հայտարարել է, որ կառավարական ուժերին վերջին օրերին հաջողվել է որոշակիորեն կայունացնել իրադրությունը՝ հետ մղելով «Թալիբան» շարժման զինյալների հարձակումները։
Անձեռնմխելիության կոպտագույն խախտում
Մինչ բանակցություններ էին ընթանում, Աֆղանստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Իսլամաբադում առեւանգել են Պակիստանում Աֆղանստանի դեսպան Նաջիբուլա Ալիխիլի դստերը՝ Սիլսիլա Ալիխիլին, խոշտանգել նրան եւ ազատ արձակել:
Դեսպանի դուստրը անհայտ մարդկանց կողմից առեւանգվել էր տան ճանապարհին: Նրան դաժան կտտանքների են ենթարկել: Սիլսիլան հոսպիտալացվել է եւ բժիշկների հսկողության տակ է։
Պաշտոնական Քաբուլը վճռականորեն դատապարտել է նողկալի արարքը եւ խոր մտահոգություն հայտնել Պակիստանում իր դիվանագետների, նրանց ընտանիքների անդամների եւ Պակիստանում աֆղանական դիվանագիտական առաքելությունների ու հյուպատոսության աշխատակիցների անվտանգության առումով:
Պակիստանի կառավարությանը կոչ է արվել հնարավորինս արագ հայտնաբերելու դեսպանի դստեր վրա հարձակվողներին եւ խստագույնս պատժելու նրանց, ինչպես նաեւ ապահովելու աֆղան դիվանագետների անվտանգությունը։