Թուրքական Artı gerçek հեռուստաալիքով հայազգի Հայկո Բաղդադի հեղինակային հաղորդմանը հյուրընկալված թուրք լրագրող Ֆեհմի Թաշթեքինը խոսել է Անկարայի որդեգրած՝ սիրիացի վարձկաններին իր շահերին ծառայեցնելու քաղաքականության մասին:
Քաբուլի օդանավակայանի պահպանությունը Թուրքիային փոխանցելու հարցով թուրք-ամերիկյան բանակցությունների համատեքստում լուրեր են շրջանառվում, որ առաջիկայում Թուրքիան սիրիացի վարձկանների կտեղափոխի Աֆղանստան:
Թաշթեքինն ասել է, որ իր տվյալներով սիրիացի զինյալներին նախ որպես աշխատակից գրանցելու են թուրքական անվտանգության մասնավոր ընկերություններում:
Քաբուլի օդանավակայանի պահպանության հարցում թուրք-ամերիկյան բանակցություններում համաձայնություն ձեռք բերելու դեպքում վարձկաններին կսկսեն տեղափոխել Աֆղանստան արդեն սեպտեմբերին:
«Թուրքիայի հետախուզական ծառայությունը (MİT) Քիլիսի շրջանում 6 սիրիական զինված խմբավորումների հետ հանդիպումներ է անցկացրել ու հանձնարարել, որ նախապատրաստվեն առաջին փուլում 2000 զինյալների տեղափոխությանը: Վարձատրության շուրջ արդեն համաձայնություն են հասել»,- հավելել է Թաշթեքինը:
Վերջինս նշել է, որ թեեւ այս խոսակցությունները դեռ հաստատված չեն, ու փոքր-ինչ վաղ է դրանք պնդելը, սակայն հիշեցրել է, որ Լիբիայի դեպքում էլ թուրքերը սկզբում հերքեցին զինյալներ տեղափոխելու մասին ասեկոսեն, իսկ հետո պարզվեց՝ դա բոլորովին էլ ասեկոսե չէ:
Թուրք լրագրողն ասել է, որ թուրքական ռազմական ներկայությունն Աֆղանստանում հասնում է 600 զինվորի: Քաբուլի օդանավակայանը Թուրքիան կառավարում է արդեն 4-5 տարի: Ընդ որում ավելի շատ ոչ թե պահպանություն է իրականացնում, այլ աշխատեցնում է:
«Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարեց, որ նոր համալրում չի լինելու: Եթե նոր համալրում չլինի, այս մեծ օպերացիան ինչպե՞ս են իրագործելու: Ահա այստեղ է, որ մարդկանց ուղեղում ծնվում է զինյալներ տեղափոխելու միտքը: Դրա գումարն էլ ցանկանում են ՆԱՏՕ-ից վերցնել»,- նշել է Թաշթեքինը:
Հիշեցնենք, որ Թուրքիան առաջարկել է Քաբուլից ամերիկյան զորքերի եւ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների ուժերի դուրսբերումից հետո զորք ուղարկել՝ Աֆղանստանը եւ Քաբուլի միջազգային օդանավակայանը պաշտպանելու համար: