Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է կատարելու 10 կալանավորների միջեւ մարդասիրական փոխանակումը ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Թվիթերի իր էջում զարմանալի է համարել, որ ԱՄՆ-ն հերքում է այն հասարակ փաստը, որ բանակցություններում կալանավորների փոխանակման մասին համաձայնության են եկել: Եվ նույնիսկ միտք էլ չունի դրա մասին հայտարարելու:
«Իրանը ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ համաձայնության է եկել Վիեննայում բոլոր կողմերի 10 կալանավորների փոխանակման շուրջ՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից անկախ»,- ընդգծել է Խաթիբզադեն՝ հավելելով, որ Իրանը պատրաստ է դա իրականացնելու հենց այսօր:
Այնինչ ԱՄՆ պետքարտուղարությունը միայն հայտարարել է, թե բանակցությունները կշարունակվեն Իրանում իշխանության փոխանցումն ավարտելուց հետո: