Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հուլիսի 20-ին տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բանակցությունները:
Նախատեսվում է կարծիքների փոխանակում տարածաշրջանային արդիական խնդիրների շուրջ: Հիմնականում ուշադրություն կդարձվի Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 10-ի եւ 2021-ի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտներին, այդ թվում՝ տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ զարգացման խնդիրների լուծմանը:
Այսօր ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ նախապատրաստվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աշխատանքային այցը Մոսկվա։
Վերջին անգամ Ալիեւը Մոսկվա է մեկնել 2021-ի հունվարին՝ Արցախի հարցով եռակողմ համաձայնագրի ստորագրմանը մասնակցելու նպատակով։
Հուլիսի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար Մոսկվա էր մեկնել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: