Նիդերլանդների արտգործնախարարի պաշտոնակատար Սիխրիդ Կաախը հերթական նամակն է հասցեագրել խորհրդարանին, որտեղ տեղեկացրել է հայ գերիների հայրենադարձման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների մասին։
Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ կառավարությունը տարբեր ձեւաչափերով հանդիպումների ժամանակ երկկողմ եւ բազմակողմ մակարդակներում շարունակում է Ադրբեջանին կոչ անել կատարելու միջազգային համաձայնագրերով եւ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները:
Նա վստահեցրել է, որ Նիդերլանդները հետեւողական է լինելու այս հարցում՝ բոլոր հայ գերիների շուտափույթ վերադարձին նպաստելու համար։
Սիխրիդ Կաախը Նիդերլանդների այդ հանձնառության մասին խոսել է նաեւ նույն օրը խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպված Հայաստան-Ադրբեջան թեմայով բանավեճի ընթացքում։
Նախարարի պաշտոնակատարը խորհրդարանին տեղեկացրել է նաեւ Ավստրիայի, Լիտվայի եւ Ռումինիայի՝ վերջերս տարածաշրջանային այցով Բաքվում գտնվող ԱԳ նախարարների՝ ԵՄ-ի անունից գերիների հարցը բարձրացնելու մասին։
Կաախը վստահեցրել է, որ Նիդերլանդները ԵՄ անդամ երկրների հետ անցկացված քննարկումների ընթացքում մշտապես հանդես է եկել գերիների վերադարձի եւ Արցախում հումանիտար աջակցության ծավալների ավելացման հարցերով ԵՄ դերակատարության մեծացման օգտին։