Ըստ ադրբեջանական Trend գործակալության՝ Իլհամ Ալիեւը Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ շեշտել է, որ հաղորդակցության բոլոր ուղիների բացումը կարեւոր հարց է հետկոնֆլիկտային կարգավորման գործում, եւ դա արտացոլված է անցած տարվա նոյեմբերի 10-ին ՌԴ նախագահի, ՀՀ վարչապետի եւ իր կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունում:
Ալիեւը հայտարարել է, որ սկսվել է Հայաստանի հետ սահմանի ուղղությամբ երկաթգծերի, մայրուղային ավտոճանապարհի շինարարություն:
«Մենք պետք է մեր տարածքում կառուցենք ավելի քան 100 կիլոմետր մայրուղային եւ երկաթուղային ճանապարհներ Հայաստանի ուղղությամբ: Հայաստանի տարածքում դա ընդամենը շուրջ 40 կիլոմետր է կազմում: Տարածաշրջանում հաղորդակցության բոլոր ուղիները պետք է բացվեն զուգահեռաբար: Դրանով Հայաստանը երկաթուղային հաղորդակցություն կստանա Ռուսաստանի եւ Իրանի հետ, Ադրբեջանը լրացուցիչ ելք կստանա Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն»,- հայտարարել է Ալիեւը եւ ընդգծել, որ տարածաշրջանի 4 երկրներ՝ Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան, «ուժեղ աջակցություն» են ցուցաբերում այդ մոտեցմանը:
«Այդպիսով, մենք պետք է Հայաստանից ստանանք դրական պատասխան, բայց այդ հարցը չպետք է ընտրողական լինի: Հաղորդակցության բոլոր ուղիները պետք է բացվեն միաժամանակ, եւ այդ տեսանկյունից խտրականություն չպետք է լինի»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Ալիեւը վստահեցրել է, որ դրանից հետո տարածաշրջանում կանխատեսելիությունը, կայունությունը եւ անվտանգությունը իրականություն կդառնան:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Բաքուն հետ է կանգնում նոյեմբերյան եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններից ու հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրելուց դեպի Վրաստան ու Ռուսաստան` երկաթուղու գործարկման համար:
Ալիևը փաստորեն չի հերքել դա` առաջ քաշելով տարածաշրջանի բոլոր ուղիների միաժամանակ բացվելու՝ Բաքվի նոր նախապայմանը: