Գերությունից հինգ ամիս առաջ վերադարձած 19-ամյա Արայիկ Գալստյանը պատերազմում վիրավորումից լիովին չի ապաքինվել։ Թեպետ վերականգնողական երկամսյա բուժումը նոր է ավարտել, բայց դժվարությամբ է քայլում․ ձախ ոտքի վնասվածք ունի։ Ֆիզիկական խնդիրները, սակայն, Արայիկին այնքան էլ չեն անհանգստացնում։ Վստահ է, որ որոշ ժամանակ անց լիարժեք քայլելու է։ Հիմա միայն աշխատանք գտնելու մասին է մտածում, որ կարողանա լուծել ընտանիքի բազմաթիվ խնդիրները։
Մինչեւ բանակ զորակոչվելը Արայիկը Ալավերդու ուսումնարանում եռակցողի մասնագիտություն է սովորել, դասերին զուգահեռ էլ գյուղում տարբեր աշխատանքներ արել՝ մորն օգնելու, նրա հոգսը թեթեւացնելու նպատակով։ Մայր ու որդի ապագայի պլաններ են կազմել. «բանակից հետո»-ն ավելի հեշտ ու խոստումնալից էր լինելու։
Երեք երեխաներին դժվարությամբ մեծացրած Անիչկա Միկոյանը չէր մտածել, որ կրտսեր որդու ծառայությունն իր կյանքի վատթարագույն շրջանն է լինելու։ Պատերազմի օրերին պահարանին դրված նրա նկարին էր նայում ու խելագարվում, բայց հետո, երբ զանգում, լսում էր ձայնը, մի քիչ թեթեւանում էր ու մտածում՝ պատերազմը չի երկարի, շուտով ամեն ինչ կավարտվի։ Որդու հետ վերջին անգամ հոկտեմբերի 9-ին է խոսել, հետո զանգերը դադարել են, իսկ պատերազմը՝ ոչ։
«Խելագարի պես սկսեցինք փնտրտուքը։ Երեւանում ու Ղարաբաղում տարբեր հիվանդանոցների անուններ էին ասում, որտեղ վիրավորների էին տանում, մի տեղից մյուսն էինք գնում։ Կապվում էինք, նկարներ ուղարկում, բայց ոչ մի լուր։ Հոսպիտալ չէինք թողել։ Ես, ախպերս ու մեծ տղես էինք զբաղվում էդ գործերով, աղջիկս էլ ինտերնետով էր փնտրում ախպորը»,- կատարվածը վերապրելով՝ պատմում է Անիչկա Միկոյանը։
Վիրավոր զինվորների մեջ որդուն փնտրող մորը մեկուկես ամիս անց ասել են, որ Արայիկը գերի է։ Տղայի նկարը տեսնելուց հետո էլ չի հավատացել․ էնքան էր փոխված, նիհարած, որ ես իմ էրեխուն չեմ ճանաչել, ասում է։ Համոզվել է միայն աղջկա գտած տեսանյութը դիտելուց հետո, որտեղ ադրբեջանցիների հետ հարցուպատասխանի ժամանակ Արայիկն ասել էր իր անուն-ազգանունը։
Դրանից հետո կապվել են Արայիկի հետ ծառայած ու գերեվարված մյուս չորս զինվորների ընտանիքների հետ, հավաքել համացանցում տարածված նրանց լուսանկարներն ու տեսանյութերը եւ դիմել ռազմագերիների փոխանակման հարցերով զբաղվող Կարմիր խաչի գրասենյակ։ Օրեր անց նրանց տեղեկացրել են, որ Ադրբեջանը հաստատել է հինգ զինվորների գերեվարման փաստը։
Անիչկա Միկոյանն ասում է, թե մի հեռուստառեպորտաժից պատահական իմացել են, որ Ադրբեջանն այդ փաստը չի հաստատում, թեեւ ծնողները վստահ էին, որ իրենց տղաները գերության մեջ են։
Եվ սկսվել է նույն ճանապարհը՝ պաշտպանության նախարարություն,Կարմիր խաչի գրասենյակ, նամակներ միջազգային կազմակերպություններին եւ այլն։ Տիկին Անիչկան բոլոր կառույցների դռներն անձամբ է թակել, նաեւ հանդիպել հայ ռազմագերիների հարցերով զբաղվող իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին եւ տեղեկացել, որ տղաների գործերն ուղարկվել են Եվրադատարան, բայց դեռ լուր չկա։
Հուսահատված՝ Երեւանից Աքորի գյուղ են վերադարձել ու հաջորդ օրն իսկ զանգ ստացել՝ Ադրբեջանը հաստատել է։
«Ես չգիտեի, թե երբ ա մթնում, երբ՝ լուսանում, հացն ուտելու համար ա, թե չէ։ Հարեւաններն ինձ մենակ չէին թողնում, բայց ի՞նչ․․․ Արայիկը քիչ էր, ախպերս էլ իրա երեք տղաների հետ էր պատերազմում։ Չգիտեի՝ որի մասին մտածեմ»,- լացակումած պատմում է տիկին Անիչկան։
Իսկ Արայիկը գրեթե չի խոսում։ Միայն մի քանի դրվագներ է պատմում, թե ինչպես է պարտադիր զինվորական ծառայության գնացել Ջրական, որից մեկուկես ամիս անց էլ պատերազմն է սկսվել։ Երբ Ջրականն արդեն չկար, իրենց տեղափոխել են Հադրութ, որտեղ էլ հոկտեմբերի 9-ին վիրավորվել է։ Վաշտի 100 զինվորից մի քանիսն են կենդանի մնացել։ Տեղանքին ծանոթ չլինելու պատճառով վիրավոր հինգ ընկերներով չեն կարողացել դուրս գալ Վանք [Հադրութի շրջանի] գյուղից ու տնից տուն տեղափոխվելով՝ քառասուներեք օր թաքնվել են։
«Գյուղի տներում պահածոներ էինք գտնում, ուտում, էդպես գոյատեւում։ Եթե վիրավոր չլինեինք, կարող ա կարենայինք մի ձեւով դուրս գալ։ Մեզնից ներքեւ տուն կար, որտեղ էլի տղաներ կային։ Մի քանի օր հետո գնացինք, որ լիցքավորիչ բերենք, հեռախոսը լիցքավորենք, տեսանք՝ պատուհաններին կրակած ա, ու ներսում մարդ չկա։ Հետո, որ էկա Հայաստան, էստեղ իմացա, որ էդ տղերքը սպանվել են»,- պատմում է Արայիկը։
Նոյեմբերի 21-ին նրանց բռնել ու տեղափոխել են նախ Հադրութի գունդ, ապա՝ Բաքու։ Պատերազմի հանգուցալուծումից ընդհանրապես անտեղյակ տղաներն այդ ժամանակ են միայն իմացել, որ կռիվը դադարել է։ Իսկ առջեւում տագնապի եւ անորոշության երեք ամիսներ էին, որոնց մասին Արայիկը գերադասում է լռել։
2021-ի փետրվարի 9-ին Հայաստան վերադարձան 5 ռազմագերիներ։ Նրանցից մեկը Արայիկ Գալստյանն էր։ Մայրը՝ Անիչկա Միկոյանը, վերհիշում է. երբ լսել է, որ գերիների վերադարձի նպատակով կրկին օդանավ են ուղարկել Բաքու, անմիջապես զանգել է եղբորն ու ավագ որդուն, որ շուտ հասնեն օդանավակայան։ Ասում է՝ կանխազգացում է ունեցել, որ այդ օրը Արայիկը գալու է։
Իսկ մեկ շաբաթ անց տղային դիմավորել են Աքորիում։ Տիկին Անիչկան ասում է՝ գյուղի հրապարակում իրենից բացի մի քանի համագյուղացիներ են միայն եղել, իսկ համայնքապետարանից ու գյուղի վարչական կենտրոնից՝ ոչ մի ներկայացուցիչ։
«Պատերազմի օրերին էլ, դրանից հետո էլ, երբ էրեխես գերի ընկավ, ղեկավարներից ոչ մեկը չի հետաքրքրվել՝ լուր կա՞ էրեխուց, թե՞ չէ։ Էդ խառը օրերին անգամ արտասահմանից անծանոթ մարդիկ էին զանգում, հարցուփորձ անում։ Բայց իրանք գոնե ձեւի համար մի օր չեն զանգել»,- նեղսրտելով պատմում է զինվորի մայրը։
Ընտանիքին մշտապես աջակցել է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը, իսկ Արայիկի վերադարձից հետո՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։
500 հազար դրամ միանվագ աջակցություն պետությունից են ստացել, մի քանի փոքր հանգանակություն էլ արտասահմանից է եղել․ անծանոթ մարդիկ կապվել են, գումար փոխանցել։ Մինչեւ որդու տուն հասնելն այդ գումարներից մայրը մեկ դրամ անգամ չի ծախսել։ Ասում է՝ մեծ ցանկություն ուներ որդու համար մեքենա գնելու։
Օրեր առաջ մեքենան գյուղ են բերել, բայց Արայիկը առողջական իր վիճակով չի կարող վարորդական իրավունքի վկայական ստանալ․ նա հետագա ծառայության համար համարվել է ոչ պիտանի։
«Դիլիջանում բուժվելիս իրանց ասել են, որ երբ բուժումն ավարտեն, պետք է նորից գնան ծառայության։ Մի քանի հոգու տարել են ու հետ բերել։ Էդ լուրը հենց իմացանք, ծնողներով բողոքեցինք։ Ախր գերի ընկած էրեխուն բանակ տանել կլինի՞, նրանք դեռ դուրս չեն էկել էդ հոգեկան ծանր վիճակից։ Հիմի էլ բիլետը [զինգրքույկը] նիգոդնի [ծառայության համար ոչ պիտանի] են տալու։ Ծառայեն, պատերազմ տենան, գերության մեջ ընկնեն ու հետո էլ նիգոդնիի բիլետ ստանան»,- ասում է Անիչկա Միկոյանը։
Մեծ ու փոքր բոլոր հոգսերը մոռացած՝ այս ընտանիքում հիմա իրենց վաղեմի երազանքի իրականացմանն են սպասում։ Համբուրգի հայ համայնքի ղեկավար, բարերար Սերժ Անգելյանի հովանավորությամբ վերջապես քարաշեն տուն կունենան։ Նախագիծն արդեն պատրաստ է։
Իսկ սոցիալական դժվարությունները կհաղթահարեն, ինչպես որ նախկինում են արել։ Մեկ կով ու երկու հորթ ունեն, առաջիկա երեք ամիսներին էլ տիկին Անիչկան իր խնամակալության տակ գտնվող թոռնիկի համար նպաստ կստանա։ Այդ ընթացքում գուցե կարողանան Արայիկի համար գործ գտնել։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։