ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հուլիսի 19-ի ուշ երեկոյան եւ 20-ի գիշերը՝ մինչեւ 02։00-ն, ադրբեջանական զինված ուժերը շարունակել է հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:
Մի քանի ժամ տեւած ինտենսիվ փոխհրաձգության հետեւանքով հայկական կողմից հրազենից վիրավորվել է Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, որն այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների հետևանքով տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։
ՀՀ զինված ուժերը հայտարարել է, որ շփման գծի որեւէ փոփոխություն թույլ չի տալու։
Նշենք, որ Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը ուսի հատվածում վնասվածք է ստացել Երասխի դիրքերում հակառակորդի արձակած կրակոցից: Նա տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն: Այնուհետեւ Օղիկյանին տեղափոխել են Երեւան՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն։
ՀՀ պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 19-ի երեկոյան՝ 18:40-ից սկսած, ադրբեջանական զինված ուժերը մի քանի ժամ շարունակ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաեւ ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, լարված է եղել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե Հայաստանի զինված ուժերն են գնդակոծում Սադարակի ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքերը, Ադրբեջանի ԶՈՒ-ն իբր պատասխան կրակ է բացում, կորուստներ չունեն:
Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Փոխհրաձգության հետեւանքով ՀՀ ԶՈՒ զինծառայող է մահացել:
Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ են բացել նաեւ հուլիսի 16-ին եւ 17-ին։