Երեսուն տարի առաջ այս օրը՝ 1991 թվականի հուլիսի 20-ին, Արցախի 6 հոգանոց պատվիրակությունը, որը գլխավորում էր ԼՂԻՄ մարզխորհրդի նախագահ Լեոնարդ Պետրոսյանը, Ստեփանակերտից օդանավով մեկնեց Բաքու, հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հետ:
Դա արցախյան պատվիրակության վերջին այցն էր Բաքու։ Պատկերացնելու համար, թե ինչու էր ԼՂԻՄ ղեկավարությունը մեկնում Բաքու, պետք է նախ վերհիշել այն իրավիճակը, որ տիրում էր հոգեվարք ապրող Խորհրդային Միությունում եւ կայսրության ծայրագավառներից մեկում՝ Անդրկովկասում:
Հայաստանը ընտրել էր անկախության ուղին եւ մերժել մասնակցել Միխայիլ Գորբաչովի՝ ԽՍՀՄ-ը պահպանելու մասին մարտի 17-ի հանրաքվեին: Այդ հանրաքվեն, Հայաստանից բացի, բոյկոտել էին բալթյան երեք հանրապետությունները՝ Լիտվան, Լատվիան, Էստոնիան, ինչպես նաեւ Մոլդովան եւ Վրաստանը: Ադրբեջանը ոչ միայն մասնակցեց հանրաքվեին (Նախիջեւանը չմասնակցեց հանրաքվեին, քանի որ այդպես ցանկացավ նրա ղեկավար Հեյդար Ալիեւը, որ ուներ լարված հարաբերություններ ե՛ւ Գորբոչովի, ե՛ւ Մութալիբովի հետ), այլ փորձում էր Կրեմլի օգնությամբ լուծել Արցախի խնդիրը՝ կա՛մ ստիպել ԼՂԻՄ-ին ընդունել Ադրբեջանի գերիշխանությունը, կա՛մ հայաթափել:
1991-ի գարնանը խորհրդային բանակն իրականացրել էր իր վերջին ռազմական գործողությունը՝ տխրահռչակ «Կոլցո»-ն, որի հետևանքով տեղահանվել էին Շահումյանի, Գետաշենի եւ Հադրութի մի քանի տասնյակ հայկական բնակավայրերը: Խորհրդային զորքերը պատժիչ գործողություն էին իրականացրել Նոյեմբերյանի Ոսկեպար գյուղում՝ սպանելով քսան մարդու, հիմնականում ոստիկանների: Արցախում եւ Հայաստանում տիրում էր հիասթափության, տագնապի եւ անորոշության մթնոլորտ:
«Կոլցո» գործողությունը Գորբաչովի շնորհակալությունն էր Ադրբեջանին ու նրա ղեկավար Այազ Մութալիբովին, ինչի մասին անկեղծորեն արտահայտվել է Ադրբեջանի առաջին նախագահը:
ԼՂԻՄ պատվիրակության՝ Բաքու մեկնել-չմեկնելու հարցը նախապես քննարկվել է Ստեփանակերտում եւ Երեւանում:
Այսպես՝ Խորհրդային Միությունն ու Ադրբեջանը փորձում էին ԼՂԻՄ-ը հեռու պահել անկախացող Հայաստանից եւ այն ենթարկեցնել Բաքվին: Մոսկվան եւ Բաքուն Արցախի ղեկավարությանը եւ ժողովրդին առաջարկում էին հետ կանգնել Հայաստանի հետ միացման մտադրություններից եւ մասնակցել 1991-ի սեպտեմբերին սպասվող Ադրբեջանի նախագահական ընտրություններին:
Հուլիսի 19-ին Ստեփանակերտում տեղի է ունենում մարզխորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվում է Արցախի՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցելու առաջարկությունը: Մարզխորհուրդը, որը ղեկավարում էր Լեոնարդ Պետրոսյանը (սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում իրականացված ահաբեկչության հետևանքով), մերժում է ընտրություններին մասնակցելու կոչը, բայց ընդունում է մյուս առաջարկը՝ մեկնել Բաքու եւ Մոսկվա, բանակցել Ադրբեջանի ու Խորհրդային Միության ղեկավարության հետ:
Արցախում միակ ուժը, որ հրապարակավ եւ միանշանակ դեմ արտահայտվեց Բաքու պատվիրակություն ուղարկելուն, ՀՅԴ-ն էր: Մյուս բոլոր ուժերն ու քաղաքական գործիչները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, դեմ չարտահայտվեցին Բաքու եւ Մոսկվա պատվիրակություն ուղարկելու Ադրբեջանի առաջարկին: Ուշագրավ է, որ այս կարեւոր դեպքի մասին Քոչարյանն իր գրքում անգամ մեկ բառ չի գրում:
Հայաստանի քաղաքական ղեկավարությունը եւ անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս դեմ չէին ԼՂԻՄ-ի պատվիրակության Բաքու այցին: Նրանք Արցախի ղեկավարությանը հորդորում էին ուղղակի բանակցությունների մեջ մտնել եւ լեզու գտնել Ադրբեջանի հետ:
Հուլիսի 15-16-ին Հայաստանի խորհրդարանում տեղի էին ունենում բուռն բանավեճեր այն հարցի շուրջ, թե պե՞տք է Արցախի պատվիրակությունը մեկնի Բաքու: Հարցը դրվեց քվեարկության: Հայաստանի խորհրդարանի 260 պատգամավորներից միայն տասը դեմ արտահայտվեց, իսկ տասնութը՝ ձեռնպահ: Մյուսները, այդ թվում՝ խորհրդարանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ տասնյակ այլ պատգամավորներ, կողմ քվեարկեցին այն առաջարկին, որով Արցախի մարզային ղեկավարությունը պատրաստակամություն էր հայտնում «քաղաքական բանակցություններ սկսելու Ադրբեջանի իշխանությունների հետ եւ փոխզիջումային լուծումներ որոնելու Խորհրդային Միության Սահմանադրության եւ օրենքների շրջանակում»:
Ճիշտ է, Արցախը որեւէ կերպ չէր ընդունում Ադրբեջանի գերիշխանությունը, սակայն 1990-1991 թվականներին, հատկապես 1991-ի մայիս-հուլիսին, երբ խորհրդային տանկերի ու զինվորների օգնությամբ ադրբեջանական զինված խմբավորումներն ու ոստիկանական ջոկատները ճնշում էին արցախյան դիմադրությունը, Արցախի քաղաքական ղեկավարության մի ստվար հատված կողմ էր արտահայտվում Բաքվի հետ քաղաքական բանակցություններ վարելուն՝ դա համարելով չարյաց փոքրագույնը: Նրանց մեջ էին ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը:
Արցախյան պատվիրակությունը հուլիսի 20-ին մեկնեց Բաքու, բանակցություններ վարեց Մութալիբովի հետ, իսկ պատվիրակության ղեկավար Լեոնարդ Պետրոսյանը այցելությունը շարունակեց դեպի Մոսկվա՝ Կրեմլ:
Պատվիրակության մյուս անդամներն էին ԼՂԻՄ-ի չորս շրջանների ղեկավարները եւ Ստեփանակերտի կուսակցական գործիչներից Վալերի Գրիգորյանը, որը երեք շաբաթ անց սպանվեց Ստեփանակերտի կենտրոնում, օրը ցերեկով, հայի կողմից արձակված կրակահերթից:
Բաքու մեկնած պատվիրակության մյուս անդամները եւս, այդ թվում՝ Լեոնարդ Պետրոսյանը, մեղադրվում էին Արցախի հարցում միակողմանի զիջումների գնալու, անգամ դավաճանության մեջ:
Ադրբեջանը եւ նրա ղեկավար Մութալիբովը ցնծության մեջ էին: Նրանց թվում էր, որ հայերը պատրաստվում են հրաժարվելու Արցախի եւ Հայաստանի միացման գաղափարից:
Եվ ահա այս ծանր վիճակում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը փոխեց պատմության ընթացքը:
1991-ի օգոստոսին ձախողվեց հեղաշրջման փորձը Մոսկվայում, Խորհրդային Միության փլուզման գործընթացն ավելի արագացավ:
Մի քանի օր անց՝ օգոստոսի 30-ին, Ադրբեջանը հռչակեց իր անկախությունը: Երկու օր հետո իր անկախությունը հռչակեց Արցախը: Հետագա 30 տարիների պատմությանը, այդ թվում՝ Արցախյան առաջին պատերազմին ու 44-օրյա աղետին, հայ ժողովուրդը տեղյակ է:
1991 թվականի այս օրը՝ հուլիսի 20-ին, Բաքու մեկնած եւ Մութալիբովի հետ բանակցություններ վարած Արցախի 6 հոգանոց պատվիրակության անդամներից ոչ մեկն այսօր կենդանի չէ. երկուսը սպանվել են, չորսը՝ մահացել:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։