Արդյոք հակասեմականությունը սկսվում է բառերի՞ց, թե՞ դրան միշտ նախորդում են մարդկային եւ հասարակական էսթետիկայի որոշակի խեղաթյուրում, դրանից բխող քայլեր, որոնք կարող են վերբալ դրսեւորում չունենալ եւ երկար ժամանակ թաքնված մնալ հասարակությունների ներսում։
Հրեական համաշխարհային կոնգրեսը տարիներ շարունակ տեղեկացնում է աշխարհի տարբեր անկյուններում հրեատյացության նորագույն դրսեւորումների, մասնավորապես կրոնական կառույցների՝ սինագոգների նկատմամբ իրականացվող հարձակումների մասին եւ կարեւոր դերակատարություն ունի միջկրոնական համերաշխության, կրոնների (քրիստոնեություն, իսլամ, հուդայականություն) միջեւ երկխոսության ծավալման առումով:
Այս տարվա ընթացքում հրեական մի շարք կազմակերպություններ եւ թանգարաններ միացել էին «Դա սկսվել է բառերով» (#ItStartedWithWords) շարժմանը, որ Հոլոքոստը վերապրողների միջոցով գալիս է հիշեցնելու՝ հակահրեական առաջին օրենքներին եւ դրանց կիրառմանը, գետտոներում հրեաների հավաքագրմանը նախորդել են նրանց դեմ ուղղված բանավոր ագրեսիան ու ատելության խոսքը փողոցում, հարեւանության մեջ, դասասենյակում, խանութում եւ հասարակական այլ վայրերում։
Հակասեմական տրամադրություններով առանձնապես աչքի չընկած Հայաստանում վերջին տարիներին մեծացել է հրեական մշակույթի եւ լեզվի ներկայությունը անձնական ու խմբային՝ հաճախ կամավոր նախաձեռնությունների շնորհիվ։ Դրանցից են առցանց տիրույթում արդի եբրայերենին, հրեական գրականությանն ու մշակույթին ծանոթացնող նախագծերի ու դասընթացների տարածումը, եբրայերեն տեքստերի ընթերցանության կազմակերպումը, Երեւանի Բրյուսովի անվան պետական համալսարանում բացված «Եբրայերենի եւ հրեական մշակույթի կենտրոնը», շուտով հրատարակության պատրաստվող արդի եբրայերենի թեմատիկ բառարանը, «Սովորել Աննա Ֆրանկի հետ» ծրագիրը՝ Հայաստանում Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ եւ այլն։
Այդպիսի նախաձեռնություններից է Աննա Ֆրանկի օրագրի ավելի ամբողջական տարբերակի՝ առաջին անգամ բնագրից՝ հոլանդերենից արված հայերեն թարգմանությունը, որ ակտուալ է ոչ միայն աշխարհում բնակչության աննախադեպ մեկուսացման, այլեւ Քովիդ-19 համաճարակի ամիսներին առցանց հակասեմականության դեպքերի ավելացման պատճառով։
Ինչո՞ւ կարդալ Աննա Ֆրանկի օրագրի նոր հայերեն հրատարակությունը։ Սա հնարավորություն է առաջին անգամ ծանոթանալու օրագրի բնագրից՝ հոլանդերենից արված թարգմանությանը, որ պահպանել է առաջին հրատարակության վերնագիրը` «Հետնատունը»։ Այնտեղ թաքնվող ութ բնակիչների մասին օրագրի՝ ավելի վաղ հայերեն թարգմանություններից դուրս են մնացել էջեր, օրեր, հատվածներ եւ պարբերություններ։ Թեեւ հոլանդացի Աննա Մարիա Մատտարի թարգմանությամբ 2019-ին Երեւանում լույս տեսած «Հետնատունը․ երիտասարդ աղջկա օրագիրը» տարբեր է Աննա Ֆրանկի նախատեսած տարբերակից, բայց հավակնում է առավել ամբողջականության՝ համադրելով հեղինակի օրագրի սկզբնական եւ խմբագրած, վերամշակած տարբերակներ։
Երբ Աննա Ֆրանկը գրում էր իր օրագիրը՝ երկու տարուց ավելի ձգվող ամիսներին մեկուսացած լինելով իրենց տան նկուղում կամ հետնատանը, նա դժվար թե իր մտքում ունենար Հոլոքոստի սարսափի պատկերը կամ դրա ամբողջական նախազգացումը։ Նա մասնիկն էր իրադարձությունների շղթայի, որ ծավալվում էին մեծ արագություններով, իսկ տեղի ունեցողն օրագիր պահողի համար կարող էր ունենալ նույն ազդեցությունը, ինչ այսօր զգում են քովիդի համաճարակից մեկուսացածներն աշխարհի տարբեր անկյուններում։
Սա է նաեւ պատճառը, որ երբ պատանեկան տարիքում կարդում ես Աննա Ֆրանկի օրագիրն առանց նախաբանների եւ գրախոսության, առաջին պլանում մեկուսացման, խտրականության եւ անանուն տագնապի պատմությունն է՝ ուղեկցվող հումորով, պատանեկան զեղումներով եւ քաղաքական կանխատեսումներով։ Նույնիսկ հրեաներին թիրախավորող արգելքների ցանկը, որ թվարկվում է օրագրում, այնքան առօրեական են հնչում այսօր, որ խույս են տալիս Շոայի [հրեաների ցեղասպանության] համատեքստից եւ հիշեցնում են այսօրվա՝ համաճարակով պայմանավորված սահմանափակումները․
«Հրեաներս պիտի կրենք հրեական աստղ, հրեաներս պիտի հանձնենք մեր հեծանիվները, հրեաներիս արգելվում է օգտվել տրամվայից, հրեաներիս արգելվում է նստել մեքենա, նույնիսկ անձնական մեքենա, հրեաներիս թույլատրվում է խանութ մտնել միայն ժամը 15:00-ից մինչեւ 17:00-ն, հրեաներիս թույլատրվում է գնալ միայն հրեական վարսավիրանոց, հրեաներիս արգելվում է դուրս գալ փողոց երեկոյան ժամը 20:00-ից մինչեւ առավոտյան ժամը 6:00-ն, հրեաներիս արգելվում է լինել թատրոններում, կինոթատրոններում կամ ժամանցի այլ վայրերում, հրեաներիս արգելվում է գնալ լողավազան, թենիսի կորտ, հոկեյի դաշտ կամ այլ սպորտային վայր, հրեաներիս արգելվում է թիավարել, հրեաներիս արգելվում է հրապարակավ որեւէ սպորտաձեւով զբաղվել, հրեաներիս արգելվում է երեկոյան ժամը ութից հետո նստել այգում․․․»։
Հայալեզու գրականությունը շատ հարուստ չէ մանկական եւ պատանեկան գրականությամբ՝ գրված պատանիների կողմից կամ պատանիների համար։ Նման գրքերի թարգմանություններն այդ պակասը մեզանում լրացնելու լավագույն հնարավորությունն են։ Այդ թարգմանությունների եւ դրանց շարունակական բարելավումների շնորհիվ մեր լեզու են փոխանցվում նաեւ որոշակի ավանդույթներ, վարվելաձեւեր եւ սովորություններ, օրինակ՝ հակասեմականության էության վաղ ճանաչում եւ խտրականության մերժում, մարդկայինի եւ հասարակականի՝ բնակության եւ հարեւանության, մեկուսացման եւ ինքնախնամքի, փոխօգնության եւ ընկերության, գրականության եւ լրագրության, կրոնի եւ գոյատեւման, առողջության եւ ուտելիքի որոշակի ընկալումներ եւ էսթետիկա։
Համադրող է եւ արվեստի տեսաբան։ Գրում է կուրատորական հետազոտությունների, թանգարանագիտության, արխիվի եւ արվեստի ինստիտուցիոնալ հարցերի մասին։ Համադրել է մի շարք նախագծեր Հայաստանում եւ Գերմանիայում։