Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կիպրոսի թուրքական հատվածի մայրաքաղաք Նիկոսիայում հայտարարել է, թե Հյուսիսային Կիպրոսի կարգավիճակի շուրջ բանակցությունները կարող են լինել միայն կղզու երկու պետությունների միջեւ:
«Թող որեւէ մեկը հույս չունենա, թե այդ հատվածի բնակիչները երբեւէ կհրաժարվեն իրենց ինքնիշխանությունից եւ կհամաձայնեն ապրել հույների իշխանության տակ՝ որպես ազգային փոքրամասնություն»,- պնդել է Էրդողանը։
Թուրքիայից բացի որեւէ երկիր չի ճանաչում Հյուսիսային Կիպրոսի անկախությունը: Կղզու հունական հատվածը, Եվրամիության աջակցությամբ, մերժում է երկու պետության գաղափարը եւ ապօրինի համարում Նիկոսիայում հաստատված իշխանությունը։
Միջերկրականի կղզին մասնատվել է ուղիղ 47 տարի առաջ. 1974-ի հուլիսի 20-ին թուրքական բանակը ներխուժել էր Կիպրոս եւ զավթել հյուսիսային հատվածը տեղի թուրք բնակչության անվտանգությունն ապահովելու պատրվակով։
ՄԱԿ-ը տասնամյակներ շարունակ փորձել է կարգավորել այս հակամարտությունը:
Ավելի վաղ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հայտարարել էր, որ Թուրքիան փորձում է իր արտաքին քաղաքական նպատակները առաջ տանել ուժի ցուցադրմամբ, եւ Էրդողանի երազած «Երկու պետության սկզբունքը» միջազգային օրենքների խախտում է: