Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետություն այցի ընթացքում անդրադարձել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովումը ստանձնելու Թուրքիայի պատրաստակամության հարցին՝ թվարկելով Թուրքիայի առաջ քաշած պահանջները:
Էրդողանը նշել է, որ բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ից պահանջել են դիվանագիտական հարթությունում Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովման հարցում սատարել Թուրքիային:
Վաշինգտոնից Էրդողանի մյուս պահանջն այն է, որ Միացյալ Նահանգներն իր լոգիստիկ հնարավորությունները մոբիլիզացնի Անկարայի համար եւ տեղում ունեցած ամբողջ լոգիստիկ կարողությունը փոխանցի թուրքական կողմին:
Թուրքիայի նախագահը ֆինանսական եւ կառավարման ոլորտներում առաջացած խնդիրների դեպքում ակնկալում է Թուրքիային Միացյալ Նահանգների անվերապահ աջակցությունը:
Էրդողանը հավելել է, որ այս պայմանների ապահովման դեպքում թերեւս ստանձնեն Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովումը: Թուրքիայի նախագահը խոստացել է բանակցել նաեւ վերջին շրջանում Աֆղանստանում առաջխաղացում գրանցած «Թալիբանի» հետ: