ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Արշակ Կարապետյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ»,- նշված է փաստաթղթում:
Նախքան այդ նշանակումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Վաղարշակ Հարությունյանին ու Արշակ Կարապետյանին զբաղեցրած պաշտոններից ազատելու հրամանագրերը:
Վաղարշակ Հարությունյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնակատարի, իսկ Արշակ Կարապետյանը` Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից:
Արշակ Կարապետյանը Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2021-ի ապրիլի 13-ից: Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի ապրիլի 6-ի որոշմամբ ազատվել էր վարչապետի խորհրդականի պաշտոնից, որում նշանակվել էր 2018-ին։
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արշակ Կարապետյանը ԶՈՒ հետախուզության վարչության պետն էր։ 2016-ին Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց Կարապետյանին։