ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր նիստ է անցկացնելու Կիպրոսի հարցով՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության ղեկավար Էրսին Թաթարի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ֆամագուստա քաղաքի Վարոշա թաղամասի բացմանն ու բնակեցմանը վերաբերող հայտարարությունների պատճառով:
Ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1984 թվականի բանաձեւի՝ կղզու չեզոք գոտում գտնվող Վարոշան պետք է մնա անձեռնմխելի մինչեւ 1974-ին վտարված կիպրոսցի հույն սեփականատերերի ժառանգների վերադարձը:
Պատասխանատու է համարում Թուրքիայի կառավարությանը
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը մտահոգություն է հայտնել Էրդողանի եւ Թաթարի հայտարարությունների կապակցությամբ՝ անընդունելի համարելով Վարոշայի կարգավիճակը փոխելու միակողմանի որոշումը:
Եվրամիությունը կշարունակի առաջնորդվել Վարոշայի վերաբերյալ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերով եւ ստեղծված իրավիճակի համար պատասխանատու է համարում Թուրքիայի կառավարությանը:
Միացյալ Նահանգները եւս դատապարտել է Վարոշայի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ հայտարարությունները: «Մենք դատապարտում ենք Կիպրոսի թուրքերի՝ Վարոշայի մի հատվածը վերահսկողության տակ վերցնելու որոշումը, որն անհամատեղելի է ՄԱԿ-ի բանաձեւերի հետ, անընդունելի է եւ անհամատեղելի կարգավորման բանակցությունները վերսկսելու նախկին պարտավորությունների հետ»,- երեկ Թվիթերում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Ձեռնպահ մնալ իրավիճակն ապակայունացնող քայլերից
Ռուսաստանի եւ Կիպրոսի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Նիկոս Խրիստոդուլիդեսը հեռախոսով քննարկել են Ֆամագուստա քաղաքի Վարոշա փակ շրջանի շուրջը ստեղծված իրավիճակը:
Լավրովը շեշտել է իր նվիրվածությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի համակողմանի իրականացմանը:
Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ բանաձեւը նախատեսում է Կիպրոսում երկու գոտի ունեցող երկհամայնքային դաշնություն ստեղծել կղզու հունական եւ թուրքական համայնքների միջեւ ուղղակի բանակցությունների միջոցով:
Զրուցակիցները նշել են նաեւ, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ իրավիճակի ապակայունացման ու լրացուցիչ խոչընդոտների հանգեցնող ցանկացած քայլից հանուն միջազգային իրավական շրջանակում Կիպրոսի խնդրի լուծման: