Վրաստանում հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը կանցկացվեն Agile Spirit 2021 միջազգային զորավարժություններ։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության կայքի՝ բացի Վրաստանից ու ԱՄՆ-ից, զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի 13 երկրների ու դաշինքի գործընկեր պետությունների զինծառայողներ:
Դրանց թվում են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանը եւ այլն։ Ընդհանուր առմամբ զորավարժություններին կմասնակցի ավելի քան 2,5 հազար զինվորական: Ուսումնական վարժանքները ներառում են թիմային ուսուցում, դաշտային մարզումներ ու մարտական հրաձգության վարժություններ:
Ուկրաինայում՝ Լվովի մարզում, եւս սկսվել են «Երեք թուր-2021» առաջին ցամաքային զորավարժությունները Լիտվայի, Լեհաստանի եւ ԱՄՆ-ի զինվորականների մասնակցությամբ: Զորավարժությունները կտեւեն մինչեւ հուլիսի 30-ը։ Դրանց կմասնակցեն ՆԱՏՕ-ի երկրների ավելի քան 1200 զինծառայողներ ու ավելի քան 200 մարտական մեքենաներ:
Մարտին Հյուսիսատլանտյան դաշինքի երկրորդ մշտական ծովային ստորաբաժանման նավերը Սեւ ծովում զորավարժություններ են անցկացրել Վրաստանի առափնյա պահպանության նավերի հետ՝ ծովային ստորաբաժանումների համատեղելիության մակարդակը բարձրացնելու նպատակով։