Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը սիրիայի քրդերի հիմնած «Սիրիայի դեմոկրատական խորհրդի» պատվիրակության հետ:
Արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչի տարածած հայտարարության մեջ նշված է, որ «Սիրիայի դեմոկրատական խորհուրդը» գործում է Սիրիայի քրդերի զինված ուժերը համարվող «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (YPG-ԺՊՈՒ) համակարգմամբ, որն էլ, ըստ Անկարայի, Թուրքիայի ու մի շարք այլ երկրների կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) սիրիական ճյուղավորումն է:
Թուրքիայի արտաքին գերատեսչությունը պնդել է, որ «պառակտող օրակարգ ունեցող եւ ձեռքերն արյունոտ այս կազմակերպության հետ Ֆրանսիայի հարաբերությունները վնասում են Թուրքիայի ազգային անվտանգությանը, Սիրիայի քաղաքական ու տարածքային ամբողջականությանը եւ տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերին»:
Թուրքիան Սիրիայի հյուսիսում ինքնավարություն ստեղծելու փորձ անող քրդական կազմավորումներին համարում է սպառնալիք իր անվտանգությանը եւ ամեն կերպ փորձում վիժեցնել դրանց ծրագրերը՝ ձգտելով ոչնչացնելու այդ կազմակերպությունները: