Հունաստանի վարչապետը Կիրիակոս Միցոտակիսը արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարի՝ Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի մի մասի՝ Վարոշայի վերաբացման ծրագրերի մասին Կիպրոսում արած հայտարարություններին:
«Ժամանակն է, որ Թուրքիան հրաժարվի Կիպրոսի եւ կիպրոսցի թուրքերի դեմ սպառնալիքների փակուղուց»,- հայտարարել է Հունաստանի վարչապետը։
Նա ընդգծել է, որ այդ սպառնալիքները դեմ են տարածաշրջանում միջազգային օրինականությանն ու կայունությանը, ԵՄ-ի, 21-րդ դարի արժեքներին, ինչի պատճառով էլ հանդուրժողականություն չի լինի։
Միցոտակիսը շեշտել է, որ Թուրքիան պետք է դադարի Կիպրոսի վրա ճնշումներ գործադրելուց:
Նախօրեին Թարթարը հայտարարել էր, որ Ֆամագուստայի Վարոշայի շրջանի 3.5 տոկոսը դուրս է գալու ռազմական գոտու կարգավիճակից եւ քաղաքացիական կարգավիճակ ստանա:
Էրդողանն էլ պնդել է, որ չնայած հարցի լուծման համար թուրքական կողմի գործադրած ջանքերին՝ Հարավային Կիպրոսի դիրքորոշման պատճառով ամբողջ ծրագիրը ձախողվել է:
Թուրքիայի նախագահը վերահաստատել է Կիպրոսի հարցը երկու պետության սկզբունքով լուծելու դիրքորոշումը եւ ընդգծել, որ թուրքական կողմն այդ դիրքից չի նահանջելու:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի սկզբին ասել էր, որ ԵՄ անդամ 27 երկրները երբեւիցե չեն ընդունի նման կարգավորումը:
Թուրքիայի՝ Վարոշայի վերաբացման մտադրությունը հարուցել է նաեւ ԱՄՆ սենատորների դժգոհությունը: Ավելի վաղ մի խումբ սենատորներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հորդորելով Կիպրոսի հարցով ճնշում գործադրել եւ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի վրա՝ տապալելով Անկարայի անօրինական ծրագրերը: