ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Քերըն Դոնֆրայդի թեկնածության հաստատման լսումների ժամանակ իր մտահոգությունն է հայտնել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշման առնչությամբ:
«Ադրբեջանն այժմ սահմանային վեճի արդյունքում ներխուժել է Հայաստանի ֆիզիկական տարածք, եւ ես կարծում եմ՝ նրանք կշարունակեն իրենց ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել, որ դա անընդունելի է»,- նշել է Մենենդեսը:
Դոնֆրայդը հայտարարել է, որ եթե Մենենդեսի տեղեկությունը հաստատվի, ինքն այդ հարցով սերտորեն կհամագործակցի սենատորի եւ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ:
«Խիստ անհրաժեշտ է վստահ լինել, որ ցանկացած աջակցություն, որ մենք տրամադրում ենք Ադրբեջանին, որեւէ կերպ չի խաթարում ուժերի հավասարակշռությունը, եւ որ մենք հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը»,- ընդգծել է Դոնֆրայդը:
«Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը սահմանափակում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ը Ադրբեջանի կառավարությանը աջակցություն չպետք է տրամադրի, քանի դեռ Ադրբեջանը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի եւ Արցախի դեմ շրջափակումները եւ ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ: