Մարոկկոյում Ադրբեջանի դեսպան Օկտայ Գուրբանովը հանդիպել է Իսլամական աշխարհի կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպության՝ ICESCO-ի գլխավոր տնօրեն Սալիմ Մ. ԱլՄալիկի հետ` քննարկելու հաջորդ տարի Շուշին Ասիայի տարածաշրջանի իսլամական մշակույթի մայրաքաղաք հռչակելու՝ ICESCO-ի նախաձեռնությունը:
Ըստ Azer News-ի՝ Սալիմ Մ. ԱլՄալիկը նշել է, որ ICESCO-ն կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները այս կարեւոր նախաձեռնությունը բարձր մակարդակով իրականացնելու համար:
ԱլՄալիկն ընդգծել է, որ փորձագետների պատվիրակությունը կայցելի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ՝ իսլամական ժառանգության հուշարձանները նույնականացնելու եւ դրանք Իսլամական համաշխարհային ժառանգության ցուցակում ներառելու համար: Պատվիրակության անդամները Ադրբեջանի համապատասխան կառույցների հետ կաշխատեն պատմական հուշարձանների վերականգնման ծրագրի նախագծի շուրջ:
Ադրբեջանական Azer News-ի հեղինակ Լաման Իսմայլովան գրել է, թե «հունվարին ICESCO-ի գլխավոր տնօրեն Սալիմ բին Մուհամմեդ ԱլՄալիկն այցելել էր Ֆիզուլի` ականատես լինելու հայկական վանդալիզմի հետեւանքներին:
Հարյուրավոր մշակութային հաստատություններ, այդ թվում 927 գրադարան՝ 4,6 միլիոն գրքով, 808 մշակույթի պալատ, ակումբ եւ մշակութային այլ հաստատություններ, 85 երաժշտական եւ արվեստի դպրոց ոչնչացվել են հայ բռնազավթիչների կողմից»:
Իսմայլովան հավելել է, թե ICESCO-ի պատվիրակությունը նախ ստուգել է Ֆիզուլիի ավերակները եւ քաղաքի գերեզմանոցում ականատես եղել «հայկական վանդալիզմի հետքերի. քանդված Ջումա մզկիթի զննության ժամանակ պարզվել է, որ հայերն այնտեղ անասուններ ու խոզեր են պահել, ինչպես մյուս մզկիթներում»:
ICESCO-ի պատվիրակությունն այնուհետեւ այցելել էր Գարգաբազար գյուղում գտնվող 17-րդ դարի մզկիթի հնագույն քարավանատունը եւ ավերակները, ինչպես նաեւ Գոչահմադլի գյուղում քանդված մզկիթի ավերակները:
Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Ադրբեջանի եւ ICESCO-ի կողմից գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտներում իրականացվող այլ նախագծերի վերաբերյալ:
1991-ից ի վեր Ադրբեջանը եւ ICESCO-ն հաջողությամբ համագործակցել են կրթության, մշակույթի եւ գիտության ոլորտներում: Այս հարաբերությունները նոր փուլ են մտել այն բանից հետո, երբ 2006-ի նոյեմբերի 24-ին Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան դարձել է ICESCO-ի բարի կամքի դեսպան:
Ադրբեջանը սերտորեն համագործակցում է նաեւ ICESCO-ի տարբեր կազմակերպությունների, այդ թվում Իսլամական զարգացման բանկի, Խորհրդարանական միության իսլամական համաժողովի հետ: Անցած տարիներին Ադրբեջանը եւ ICESCO-ն ընդհանուր արժեքների վրա հիմնված ամուր կապեր են հաստատել։
Լրատվական գործակալությունը նշել է, որ հունվարի սկզբին ICESCO-ի պատվիրակության այցը Ադրբեջան կարեւոր քայլ էր այդ ուղղությամբ: Ավելին՝ ICESCO-ն առաջարկել է Շուշին հռչակել իսլամական աշխարհի մայրաքաղաք:
Ադրբեջանը ICESCO-ի հետ իրականացրել է միջազգային բազմաթիվ նախագծեր: Իսլամական մշակույթի մայրաքաղաք են ճանաչվել Բաքուն (2009) եւ Նախիջեւանը (2018): 2009-ին Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցան ICESCO-ի մշակույթի նախարարների հանդիպումը, 12-րդ Գլխավոր համաժողովը եւ ICESCO-ի գործադիր խորհրդի 36-րդ հանդիպումը:
ICESCO-ն նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախաձեռնած եւ ՄԱԿ-ի կողմից ընդունված Բաքվի գործընթացի հիմնական գործընկերներից է: Կազմակերպությունը եղել է 2011-ին անցկացված Միջմշակութային երկխոսության 5-րդ համաշխարհային ֆորումում Ադրբեջանի պաշտոնական գործընկերը:
Azer News-ն ընդգծել է, որ կազմակերպությունը կօգնի Ադրբեջանին «հայկական ագրեսիայի հետևանքով ավերված հուշարձանների վերականգնման գործում: Այս ոլորտի մասնագետների համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ»:
Պատրաստեց Կարինե Դավոյանը