Ադրբեջանցիներն արդեն մի քանի տարի է՝ փոխել են Զվարագետ վտակի՝ սարերից սնուցվող հունը դեպի Նախիջեւան, եւ այն այլեւս չի միախառնվում Մեղրի գետին: Սա Մարդու իրավունքների պաշտպանի ահազանգն է: Արման Թաթոյանն օրերս կրկին մտահոգություն հայտնեց, որ այդ պատճառով օգոստոսից Սյունիքի մարզի Մեղրի եւ Ագարակ քաղաքներում, ինչպես նաեւ Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք գյուղերում լուրջ խնդիրներ են առաջանում՝ խմելու եւ ոռոգման ջրի հասանելիության առնչությամբ:
Մեղրի խոշորացված համայնքի մեջ մտնող Նռնաձորի վարչական ղեկավար Ալեքսան Բոյաջյանը մեզ հետ զրույցում հիշում է, որ այս հարցը միշտ է եղել: «Տարեց բնակիչներն ասում են, որ ադրբեջանցիները խորհրդային տարիներին էլ էին փոխում վտակների հունը, երկու կողմից շրջանների ղեկավարները հավաքվում, գնում, լուծում էին հարցը, այսինքն՝ հավասարաչափ բաշխում էին ջուրը: Այդ հատվածում ջուրը երեք կողմ կարող է գնալ՝ Մեղրի, Քաջարան եւ դեպի Ադրբեջան: Քանի որ իրենց դիրքը նպաստավոր է, իրենք կարողանում են հեշտությամբ փոխել: Անցյալ տարի ես եղել եմ այդ հատվածում, ընդհանրապես չէր գալիս, կտրվել էր: Մեր զինծառայողներից, հանքի աշխատողներից, շատերից լսել ենք, որ ադրբեջանցիներն են կտրել ջուրը: Այս պահին բարակ գալիս է, բայց գնալով կտրվելու է»:
2016 թվականին Մեղրիում ներդրվել է ոռոգման ջրի մատակարարման ինքնահոս համակարգ, որ սկիզբ է առնում Մեղրի գետից: Սա թանկ համարվող մեխանիկական եղանակով ոռոգման լավագույն այլընտրանքն է, բայց այն դեպքում, երբ Մեղրի գետում ջուրը բավարար է: Ալեքսան Բոյաջյանը նշում է, թե անկախ նրանից՝ ադրբեջանցինե՞րը կփոխեն վտակների հունը, թե՞ դրանք կցամաքեն երաշտի ժամանակ, ոռոգման մեխանիկական եղանակով համակարգը միշտ պետք է պատրաստ լինի՝ նման դեպքերում օգնության հասնելու գյուղացիներին: Մեղրու տարածաշրջանի ոռոգման մեխանիկական եղանակով համակարգը, ըստ նրա, շատ վատ, վթարային վիճակում է:
«Պոմպերը հին են, շարքից դուրս եկած, աշխատեցնելն ու փչանալը մեկ են լինում: Տարիներ շարունակ դիմել ենք Կառավարությանը, տարբեր կառույցների, որ նորոգեն կամ փոխեն, բայց գալիս հասնում է ոռոգման սեզոնը, դեռ ոչինչ արած չեն լինում, փչանալուց գալիս, ինչ-որ աշխատանքներ են կատարում, աշխատեցնում, մինչդեռ դրա մասին պետք է մտածել տարվա սկզբին, լուրջ լուծումներ պետք է տան, բոլոր պոմպերը սարքին պահեն, համակարգը գործարկեն, չգա հասնի փչանալուն, հետո լուծում գտնեն»,- ասում է մեր զրուցակիցը:
Մարզի ոռոգման հարցերով զբաղվում է «Սյունիք» ջրօգտագործողների ընկերությունը, 2016-ին ստեղծված մի կառույց, որի մեջ միավորվել են Կապանի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի ջրօգտագործողների ընկերությունները: Սյունիքում ոռոգման շրջանը սկսվում է հենց Մեղրու տարածաշրջանից, մարտ ամսից, որի համար պետական միջոցներից նախնական հատկացումներ են արվում «Սյունիք» ջրօգտագործողների ընկերությանը:
Ընկերության տնօրեն Նաիրի Հովհաննիսյանը նշում է, որ միշտ չեն ներդրված ջանքերն արդյունավետ լինում, քանի որ երաշտային տարին էլ մի կողմից է հարվածում կառույցին. «Բոլոր հարցերը ընթացքում լուծում ենք, մե՛կ խողովակ է պայթում, մե՛կ պոմպերն են խնդիր ունենում, արագ հասնում ենք, մեր միակ սպասումը միշտ եղանակից է՝ շոգ չլինի, շատ անձրեւ գա, գետերում գոլորշիացումը շատ չլինի: Օրեր առաջ ինքնահոսի խողովակը պայթեց, մինչեւ մեխանիկականը գործի դրեցինք, օրեր տեւեց, ջուր չունեին այդ ընթացքում, դրա համար էր, որ գյուղացիները բողոքեցին, փողոց դուրս եկան: Այս պահին ջրից զրկված երեք գյուղերում էլ՝ Նռնաձորում, Շվանիձորում, Ալվանքում, ջուր կա, ինքնահոսով կանոնավոր ջրում են, իսկ պոմպերը նորոգվել են, շուտով կտանենք կտեղադրենք»,- մեզ հետ զրույցում ասաց Նաիրի Հովհաննիսյանը:
Մեր զրուցակիցները նշում են, որ հանրապետության սահմանամերձ շրջանների լարված իրավիճակից Մեղրին այս պահին զերծ է, թեև Մեղրին է, որ քննարկումների առարկա է դարձել: «Փառք Աստծո, այդպիսի խնդիրներ չունենք, սահմանային լարվածություն չկա, սահմանը իրանական հատվածում ռուս սահմանապահներն են հսկում, մեր հատվածում՝ մեր զինծառայողները: Այս պահին Մեղրիի շրջանում մարդկանց միակ հոգսն իրենց այգիներն են»,- ասում է Ալեքսան Բոյաջյանը՝ ավելացնելով, որ նռան, թզի, արքայանարնջի այգիները Նռնաձորում, Շվանիձորում, Ալվանքում եւ մի շարք բնակավայրերում բնակիչների եկամտի միակ աղբյուրներն են:
«Ի տարբերություն Մեղրու, Ագարակի, որոնց բնակչության մեծ մասն աշխատում է կոմբինատում կամ ուրիշ տեղ եւ եկամտի այլ աղբյուրներ էլ ունի, նշված գյուղերի բնակիչների միակ եկամուտը գյուղատնտեսությունից է: Այս եղանակին մեր գյուղացիական տնտեսությունները լուրջ վնասներ են կրում, այգին մի անգամ սթրես է տանում, մի քսան օր ուշքի չի գալիս, մինչեւ ուշքի ենք բերում, բերքի զգալի կորուստ ենք ունենում: Հատկապես նոր տնկած ծառերը շատ զգայուն են, տարեց ծառերը էլի՛ կարող են դիմանալ, բայց նոր տնկիները վատ են տանում ջրի պակասը: Կարճաժամկետ կտրվածքով պոմպերի հարցը պիտի լուծեն, իսկ երկարաժամկետ կտրվածքով՝ ջրամբարի հարցը, որ ջուրը չգնա, Արաքս թափվի»,- խնդիրներն է ներկայացնում Նռնաձորի վարչական ղեկավարը:
Տարիներ շարունակ հայտարարվել է, որ Մեղրիում հանքարդյունաբերությունը իր տեղն աստիճանաբար պետք է զիջի գյուղատնտեսությանը: Ալեքսան Բոյաջյանն ասում է, որ հենց դրա համար էլ չպետք է խնայվի ոչ մի դրամ: «Ինչքան էլ մեծ ծախսերի խնդիր է, պետք է ամեն գնով նեցուկ կանգնել գյուղացուն: Մի ամբողջ համայնքի մասին է խոսքը, որը ռազմավարական նշանակություն ունի, ցանկացած ծախս էլ պիտի արվի, եթե ուզում են համայնքը նորմալ զարգանա, գյուղացին չլքի իր տունը»:
Նռնաձորը Մեղրիի այն գյուղերից է, որտեղ արդեն սկսվել է Մեղրիի զարգացման հիմնադրամի առաջին ծրագիրը: Գյուղում նոր թաղամաս է կառուցվում, որտեղ բնակվելու են Արցախի պատերազմի հետեւանքով անօթեւան դարձած ընտանիքներ: Ալեքսան Բոյաջյանն ասում է, որ թաղամասի կառուցման աշխատանքները նույնպես տուժում են ջուր չլինելուց: «Դանդաղ է ընթանում շինարարությունը, շինարարներին գիշերը ջուր ենք տալիս, որ հավաքեն եւ ցերեկն աշխատեն: Խմելու ջուրն էլ բնակիչներին ժամով ենք տալիս: Այգիները չեն ջրվում, գետնախորշերը չեն սնվում, պակասում է նաեւ խմելու ջուրը: Երբ որ այգիները կանոնավոր ջրվում են, մենք խմելու ջրի խնդիր էլ չենք ունենում, իրար հետ սերտ կապված են»:
Ոռոգման սեզոնը Սյունիքում Մեղրիից սկսվում, Մեղրիում էլ վերջանում է, նուռն ուշ է հասունանում, մինչեւ վերջին բերքը չեն հավաքում, ոռոգման սեզոնը չեն փակում:
«Սյունիք» ջրօգտագործողների ընկերությունը սպասարկում է մարզի մոտ 1500 հեկտար հողատարածություն, ունի շուրջ 5100 բաժանորդ, ընկերության միջոցները նաեւ վարձավճարներից են գոյանում: Կոնկրետ Մեղրիում Կառավարության 2015 թվականի որոշմամբ ոռոգման ջրի համար կես գին են վճարում՝ մեկ խորանարդի դիմաց՝ 11 դրամ, մնացածը փոխհատուցում է Կառավարությունը: Ջրօգտագործողների մարզային ընկերությունում նշում են, որ չնայած այդ արտոնությանը՝ գյուղացիները հաճախ են ուշացնում վարձավճարները, մինչեւ լիարժեք չեն ջրում, վարձերը կանոնավոր չեն մուծում, ինչն էլ խոչընդոտում է ընկերության աշխատանքը: Բայց ջրօգտագործողների միությունը, ասում են, այդ պատճառով չի կարող կտրել ջուրը, դա կտրուկ քայլ կլինի, գիտի, որ բերքը վաճառելուց հետո գյուղացին այնուամենայնիվ կմուծի վարձը, բայց անբարեխիղճ պարտապաններ միշտ էլ կան:
Ինչ վերաբերում է ադրբեջանցիների կողմից գետի կամ վտակի հունը փոխելուն, Նաիրի Հովհաննիսյանն ասում է, որ ծանոթ է խնդրին, առօրյա աշխատանքները մի քիչ թեթեւանան, ինքն անձամբ է գնալու եւ տեղում ստուգի, թե ինչպե՛ս են դա արել:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ այս տարվա մարտին արված հայտարարության մեջ նշվում է. «Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը Մեղրի համայնքի բնակիչներից ստացել է զայրույթի ու անհանգստության ահազանգեր այն մասին, որ ավելի քան 5 տարի առաջ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները փոխել են «Մեղրի» գետի «Զվարագետ» վտակի սարերից սնուցվող հունը դեպի Նախիջեւան (Օրդուբադի շրջան): Ադրբեջանական զինվորականները յուրաքանչյուր ամիս հատուկ ինժեներական տեխնիկայով արգելակներ են ստեղծում ու դրանով փոխում վտակի հունը…
Այս ամենն արվում է մարդկանց կյանքի համար իրական վտանգավոր ուժի սպառնալիքով, քանի որ «Մեղրի» գետի «Զվարագետ» վտակի առաջացման հատվածը գտնվում է ադրբեջանական զինվորականների ուղիղ նշանառության տակ ու հսկվում է նրանց կողմից: Ջրի իրավունքը երաշխավորված է միջազգայնորեն: Այս իրավունքը ներառում է մարդու իրավունքը՝ ունենալու բավարար եւ շարունակական ջուր թե՛ խմելու, թե՛ կենցաղային նպատակների (ոռոգման, հիգիենայի եւ այլն) համար: Ընդ որում, պետք է լինի ջրից օգտվելու անվտանգ հնարավորություն ու լիարժեք հասանելիություն: Այս իրավունքն ունի բացառիկ արժեք ու ընկած է մարդու կյանքի, առողջության պահպանման, արժանապատվության ու մասնավոր կյանքի եւ կենսական կարեւորության մյուս իրավունքների հիմքում:
Այս իրավունքն այնքան հիմնարար է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը ջրի եւ սանիտացիայի իրավունքը հռչակել է համաշխարհային կայուն զարգացման նպատակ՝ հաշվի առնելով ջրի հիմնարար, անփոխարինելի նշանակությունը մարդու զարգացման ու կյանքի կազմակերպման համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այս իրավունքը բնորոշել է որպես հազարամյակի զարգացման նպատակ:
Ադրբեջանի զինված ուժերի նկարագրված արարքները կոպտորեն խախտում են նաեւ «Անդրսահմանային ջրահոսքերի եւ միջազգային լճերի օգտագործման եւ պահպանության» մասին 1992 թվականի մարտի 17-ին Հելսինկիում ընդունված կոնվենցիան եւ այլ միջազգային փաստաթղթեր»:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։