Գյումրիում նոր խոշոր ներդրումներ կարվեն ՀՀ Կառավարության եւ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում։
Կվերականգնվեն Խանջյան, Չայկովսկու, Աճեմյան, Հանեսօղլյան, Ջիվանի, Տերյան եւ Նալբանդյան փողոցները, կիրականացվեն Հաղթանակի պողոտայի, Գյումրու քաղաքային «Բարեկամություն» զբոսայգու վերակառուցման նախապատրաստման աշխատանքները, կվերականգնվեն նաեւ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու եւ հարող Աբովյան փողոցի աջ եւ ձախ հատվածները։
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ այս բոլոր աշխատանքների արժեքը, նախնական գնահատմամբ, կկազմի շուրջ 4 միլիարդ 300 միլիոն դրամ։ Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ Գյումրիի բարեկարգմանն ու մշակութային մայրաքաղաքի զբոսաշրջային ներուժը հզորացնելուն միտված աշխատանքները շարունակական են եւ ծավալով աննախադեպ։
«Գյումրիում «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում արդեն իրականացվել են Շիրազի, Վարպետաց, Ջիվանու, Ղորղանյան եւ Աբովյան փողոցների վերանորոգման աշխատանքները»,- նշել է Պապիկյանը։