ՀՀ պաշտպանության նախարարությունը հստակ կարգ է սահմանել նորակոչիկների երդման արարողությանը մասնակցելու համար։
Նոր կարգը սահմանվել է՝ կարեւորելով զինծառայողների առողջությունն ու զինված ուժերի մարտունակության պահպանումը եւ հաշվի առնելով ԶՈՒ մի շարք զորամասերում կայանալիք նորակոչիկների զինվորական երդման արարողությունները, անձնակազմի շրջանում վարակիչ հիվանդությունների եւ մասնավորապես կորոնավիրուսային վարակի ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու նպատակով։
Նորակոչիկների երդման արարողության օրը արարողությանը մասնակցելու նպատակով զորամաս մուտք գործելու համար նորակոչիկի հարազատները զորամաս ժամանելիս պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի՝ 72 ժամը չլրացած բացասական պատասխանով տեղեկանք կամ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումը հաստատող անձնագիր (QR կոդ):
Նորակոչիկների երդման արարողությունների ընթացքում զորամասերում խստագույնս պետք է պահպանել կորոնավիրուսի կանխարգելման կանոնները, մասնավորապես պետք է պահել սոցիալական հեռավորություն, դնել դիմակներ, ախտահանել ձեռքերը եւ այլն։
Նույն կարգը գործում է նաեւ զինծառայողներին զորամասերում տեսակցելու դեպքում։
ՊՆ-ն զինծառայողների հարազատներին եւ շահագրգիռ այլ անձանց հորդորել է ըմբռնումով մոտենալ սահմանափակումներին: