ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լեւոն Այվազյանը այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դեսպանությունների հավատարմագրված ռազմական կցորդներին։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Երասխի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկված սադրիչ գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը։
Լեւոն Այվազյանը շեշտել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային նկրտումների վերաբերյալ ագրեսիվ հռետորաբանությունը խաթարում է տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։
Պաշտոնյան ընդգծել է, որ հայկական կողմը, հավատարիմ մնալով ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը, այնուամենայնիվ, իրավունք է վերապահում ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նման միջադեպերը կանխարգելելու եւ դրանց հակազդելու նպատակով։
Ընդգծվել է նաեւ, որ Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների հստակ արձագանքը Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նմանօրինակ ոտնահարումներին։