Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առանց Թուրքիայի համաձայնության Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար է:
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն կատարած այցից հետո լրագրողների հետ հանդիպմանը Էրդողանը նշել է, որ ՆԱՏՕ-ի փաստաթղթերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ քանի դեռ Անկարան դրական պատասխան չի տվել, Հարավային Կիպրոսի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալը ոչ մի դեպքում հնարավոր չէ:
Էրդողանը հավելել է, որ դա հնարավոր դարձրին Հունաստանի պարագայում, սակայն այս պահին նման բան չի կարող քննարկվել:
«Քանի որ այժմ Թուրքիայում այնպիսի կառավարություն չկա, ինչպիսին կար, երբ Հունաստանը դարձրին ՆԱՏՕ-ի անդամ: Այժմ կանք մենք: Քանի մենք կանք, Հարավային Կիպրոսը ոչ մի պարագայում չեն կարող ընդունել, չեն կարող Թուրքիան շրջանցել»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը:
Միակ պահանջը՝ անկախության միջազգային ճանաչումը
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այսուհետեւ կիպրոսցի թուրքերի միակ պահանջը պետք է լինի կղզու թուրքական հատվածի անկախության միջազգային ճանաչումը որպես ինքնիշխան պետություն: Մյուս բոլոր առաջարկները, ըստ Էրդողանի, այսուհետ ուժը կորցրած են համարվում:
1974-ի հուլիսի 20-ին Թուրքիան ներխուժել է Կիպրոս՝ բռնազավթելով կղզու հյուսիսային հատվածը: Թուրքական ուժերը Հյուսիսային Կիպրոսից տարհանել են հարյուր հազարավոր հույների եւ այն բնակեցրել թուրքերով: 1983-ին այստեղ հռչակել են այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը», որ ճանաչված չէ միջազգային հանրության կողմից: Այն ճանաչում է միայն Թուրքիան:
Այժմ կղզին դե ֆակտո բաժանված է հունական ու թուրքական համայնքների միջեւ: Երկար տարիներ բանակցություններ են ընթանում Կիպրոսի քաղաքական վերամիավորման շուրջ, սակայն մինչեւ օրս այդ բանակցություններն արդյունք չեն տվել: