Պաշտոնական Վաշինգտոնն ու Բեռլինը համաձայնության են եկել, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը կավարտվի առանց ամերիկյան պատժամիջոցների:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ԱՄՆ-ը հայտարարել է, որ աշխատանքի այս փուլում պատժամիջոցներն անարդյունավետ են, իսկ Գերմանիան խոստացել է աջակցել Ուկրաինային նաեւ նոր գազատարի գործարկումից հետո այդ երկրի տարածքով գազի տարանցումը երկարացնելու հարցում:
«Հյուսիսային հոսք-2»-ով նախատեսվում է ռուսական գազը Բալթիկ ծովով մղել դեպի Արեւմտյան Եվրոպա: Այսպիսով Ռուսաստանը տարեկան եւս 55 միլիարդ խորանարդ մետր գազ կվաճառի ԵՄ անդամ երկրներին:
Ուկրաինական իշխանություններն ահազանգում են երկրի էներգետիկ անվտանգությանը սպառնալիքի մասին եւ կասկած հայտնում, որ Ռուսաստանը կերկարաձգի տարանցման համաձայնագիրը, որն ավարտվում է 2024 -ին:
Միացյալ Նահանգները միշտ դեմ է արտահայտվել «Հյուսիսային հոսք-2» նախագծին՝ այն սպառնալիք համարելով Եվրամիության եւ Ուկրաինայի էներգետիկ անվտանգությանը, սակայն խոստովանել է, որ գրեթե շահագործման պատրաստ գազատարի շինարարությունը խոչընդոտելը խնդրահարույց է:
Վաշինգտոնը եւ Բեռլինը խոստացել են օգնել, որ նվազեցվի Ուկրաինայի կախվածությունը ռուսական գազից:
Այդուհանդերձ, Ուկրաինայի Գերագույն ռադան Եվրամիությանն ու ԱՄՆ-ին կոչ է արել կանխել գազատարի բացումը: Կիեւում մատնանշում են եկամտի կարեւոր աղբյուրը կորցնելու հեռանկարը եւ նախագիծն անվանում «քաղաքական դրդապատճառներ ունեցող»: