Բելառուսի արդարադատության նախարարությունը դիմել է Գերագույն դատարան՝ խնդրելով օրենքի բազմակի խախտումների համար փակել Բելառուսի Ժուռնալիստների ասոցիացիան:
Նախորդ շաբաթ ոստիկանության իրականացրած խուզարկությունից հետո իշխանությունները հուլիսի 20-ին սառեցրել են ասոցիացիայի բանկային բոլոր հաշիվները:
Ժուռնալիստների ասոցիացիայի փոխնախագահ Բարիս Հարեցկին հայտարարել է, որ սա դաժան հաշվեհարդարի արշավ է կազմակերպության դեմ: Նա շեշտել է, որ պայքարելու են ասոցիացիայի իրավական կարգավիճակը պահպանելու համար:
Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Ժուռնալիստների ասոցիացիան չի կատարել գրասենյակների վարձակալության պայմանագրերի հետ կապված ինչ-ինչ փաստաթղթեր ներկայացնելու պահանջները:
Բելառուսի առաջատար կազմակերպություններից մեկը՝ Ժուռնալիստների ասոցիացիան, հիմնադրվել է 25 տարի առաջ, ունի 1300 անդամ: Ասոցիացիան Բելառուսի լրագրողական ամենամեծ կազմակերպությունն է, անդամակցում է Լրագրողների միջազգային ֆեդերացիային: