Վրաստանի խորհրդարանի խոսնակ Կախա Կուչավան Վրաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ այսուհետեւ երկրի տարածքում Եվրամիության կամ այլ երկրի դրոշի պղծումը կամ վնաս տալու փորձերը կպատժվեն դրամական բարձր տուգանքով։
Խոսնակը նշել է, որ Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող պետությունների պետական խորհրդանիշները վնասելու համար տուգանք սահմանող օրենսդրական նախաձեռնությունն արդեն մշակվել է եւ մոտ ապագայում կներկայացվի խորհրդարանի դատին։
Կուչավան ասել է, որ առաջին անգամ դրոշ պղծելու համար նախատեսվում է 1000 լարի (325 ամերիկյան դոլար) տուգանք։ Կրկնակի պղծման դեպքում կարող է նաեւ վարչական կալանք կիրառվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Վրաստանի ազգայնականների կազմակերպած բողոքի ակցիաների ընթացքում ցուցարարները երկրի խորհրդարանի շենքից իջեցրել էին ԵՄ դրոշը։